Ինձ երբեմն ապշեցնում է մարդկային անամոթությունն ու անբարոյականությունը

Ինձ երբեմն ապշեցնում է մարդկային անամոթությունն ու անբարոյականությունը
Դուք զգացե՞լ եք ինչքան են մեր շուրջը շատացել դեմագոգները, սոփեստները: Ինձ երբեմն ապշեցնում է մարդկային անամոթությունն ու անբարոյականությունը: Միացնում ես հեռուստացույցը, եւ մի, կներեք արտահայտության համար, անբարոյականի զավակ բարձր թեմաներից է խոսում: Այսպես ասենք՝ դաս է տալիս մեզ՝ տգետներիս, անհասկացողներիս: Խոսում է այն մասին, թե ինչ աղաղակող անարդարության է հանդիպել ինքը՝ խանութում մի վաճառող անորակ երշիկ է իրեն վաճառել: Ինքը վրդովված է, զայրացած ու փրփրած պատմում է այդ մասին:



Բայց իրեն ճանաչողները գիտեն, որ ողջ կյանքում անորակ շինարարություն է արել, եւ իր օբյեկտները հանձնելուց հետո սկսվել է շինթերությունները վերացնելու մի անվերջանալի շրջան: Այս մյուսը խոսում է բարոյականությունից ու ազնվությունից, մարդկային որակներից ու մատաղ սերնդին բարոյական չափանիշներով դաստիարակելուց, իսկ ինքն իր ամենահավատարիմ ընկերոջը դավաճանել է ու վերջին սրիկայի նման խաբել:



Երրորդը խոսում է օրինականությունից ու մաքրությունից, կոկորդ է պատռում, թե մարդը պիտի քչով բավարարվի, որ կեղտոտ փողերը ոչ մեկին երջանկություն չեն կարող բերել, այն ինչ ինքը հարեւանի հետ վեճում հաղթելու համար դատավորին կաշառք է տվել ու գործը դզել: Շատ ավելի բարդ է, երբ դեմագոգիան դրսեւորվում է տղամարդ-կին հարաբերություններում: Ասենք, երբ տղամարդը համառորեն հետամուտ է լինում, որ կինն անվերապահորեն հավատարիմ լինի իրեն եւ ի սկզբանե շատ նորմալ է համարում, երբ ինքը մի քանի կնոջ հետ է միաժամանակ հանդիպում, ի՞նչ է դա, եթե ոչ դեմագոգիա:



Երբ տուն է գալիս կեսգիշերն անց, բայց պահանջում է, որ կինը ժամը 5-ից կազմ ու պատրաստ, խոհանոցի գոգնոցը կապած ու տաք ճաշը կրակի վրա դրած՝ իրեն սպասի: «Դու ուշադիր չես իմ նկատմամբ՝ ե՞րբ ես վերջին անգամ ինձ համար գուլպա առել, գիտե՞ս, թե ես որտեղ եմ օրվա ընթացքում սնվում, ինչի մասին եմ մտածում, ինչ աշխատանքային հոգսեր ունեմ»,- հանդիմանում է կնոջը տղամարդը, որն անգամ կնոջ աշխատավայրի տեղը չգիտի եւ վերջինիս անսպասելի հիվանդանոց ընկնելու մասին իմացել է 7 ժամ անց, երբ վիրահատությունն ավարտվել է, եւ նրան պալատ են տեղափոխել:



Ամեն չնչին վեճ համաշխարհային պատերազմի վերածող տղամարդը, որն աչքով աչք չունի զոքանչի հետ, կնոջն անընդհատ տրամադրում է մոր դեմ, որի մեղքերն անհաշիվ են ու անչափելի. իրենց յուրաքանչյուր տարաձայնություն, կնոջ ցանկացած թերացում կենցաղում, անգամ ֆիզիկական թերություն բացատրվում է «այդ ջադուի» անձով:



Իմ ծանոթներից մեկը, օրինակ, ամեն անգամ, երբ իր սիրելի կինը որեւէ պահանջ էր ներկայացնում, մի քանի օրով անհետանում էր նրա կյանքից՝ հեռախոսներն անջատում էր, ընկնում զապոյների մեջ: Ապա այդ պահվածքը բացատրում էր իր վիրավորանքով, կնոջ անտակտությամբ, իր անձն ու արժանապատվությունը վիրավորած լինելու հանգամանքով: Այնպես որ, խեղճ կինը ժամանակի մեջ նվազեցրեց իր պահանջները եւ հաշտվեց այդ դեմագոգի էգոիզմի հետ:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ