Նրանց թվում է՝ սերն էլ, սեքսն էլ հավերժ իրենցից անբաժան են լինելու

Նրանց թվում է՝ սերն էլ, սեքսն էլ հավերժ իրենցից անբաժան են լինելու
Տարիներ շարունակ նույն տղամարդու (նույն կնոջ) հետ անկողին մտնելը հեշտ բան չի: Այդ խնդիրը տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է լուծվում: Ոմանք ինչ-որ պահից սովորույթի ուժ ստացած հարաբերություններ են կառուցում: Այսպես ասած՝ մեխանիկական ռեֆլեքս, ատամներ լվանալու նման սովորական ու կենցաղային ռիտուալ, որը ոչ թե հաճույք ստանալուն է ուղղված, այլ ամուսնական պարտականությունների կատարմանը: Մյուսներն ավելի արմատական մոտեցում են դրսեւորում՝ պարզապես հրաժարվում են իրար խոշտանգելուց եւ իրենց սեռական հարաբերությունները համարելով ավարտված՝ փակում են այդ էջը:



Երբեմն դա պատահում է անգամ շատ երիտասարդ տարիքում. ինձ ծանոթ 35-ամյա ամուսինները, օրինակ, իրար հետ չեն քնում: Երբեմն այդ սկզբունքն իհարկե խախտվում է, սակայն «տոնից տոն» ունեցած սեքսը բացի տհաճությունից ու անբավարարության զգացումից ոչինչ չի տալիս նրանց: Բայց նրանք չեն պատրաստվում բաժանվել՝ լավ ընկերներ են, իրար օգնում են ամեն ինչում, համատեղ կենցաղն ավելի հարմար է, ընդհանրապես՝ իրար հետ հեշտ են ապրում:



Կողքից նայողը երբեք չի կասկածի, որ նրանց կյանքում ինչ-որ բան պակասում է: Նրանք շատ երջանիկ ու հաջող ընտանիքի են նման՝ համապատասխանում են ու լրացնում իրար: Բայց բնական հարց է ծագում՝ արդյո՞ք այդ տարիքում նրանք սեռական պահանջներ չունեն, իսկ եթե ունեն, ապա ինչպե՞ս են բավարարում:



Սա արդեն կախված է տվյալ զույգի բարոյական, կրթական, մարդկային որակներից: Եթե 35-ամյա կինը կարող է հեշտությամբ եւ հիմնովին հրաժարվել սեքսից՝ հանուն ընտանիքի, հանուն բարեկեցության ու խաղաղ կյանքի, դա կարող է տեղավորվել նրա աշխարհընկալման մեջ, ապա այդ տարիքի տղամարդկանց համար դա գրեթե անհնարին է: Նման դեպքերում տղամարդը կամ սիրուհի է պահում՝ մշտական սեքսուալ պարտնյոր, կամ պատահական կապերի ու վճարովի ծառայությունների միջոցով է իր պահանջները բավարարում:



Եթե կնոջ նկատմամբ հարգանք կա, նրա զգացմունքները չվիրավորելու ձգտում, ապա դա արվում է հնարավորինս գաղտնի: Եթե առավել անկիրթ ու անտակտ տեսակ է, ապա անգամ կնոջից ոչինչ չի թաքցնում: Իսկ ո՞ւր է փախչելու խեղճ կինը: Եւ միայն եզակի ամուսիններ են կարողանում տարիների մեջ պահել-պահպանել սեքսի-սիրո այն նուրբ ու խորհրդավոր առեղծվածը, որը կնոջը կին է պահում՝ միշտ սիրահարված, միշտ ցանկալի: Իսկ տղամարդուն՝ տղամարդ, նախեւառաջ իր կնոջ սիրեկանը՝ նույնպես ցանկալի ու սպասված:



Յուրաքանչյուր զույգ՝ ամուսնության պահին, իհարկե, այլ բան է ծրագրում: Նրանց թվում է՝ սերն էլ, սեքսն էլ հավերժ իրենցից անբաժան են լինելու: Բայց դա պահպանելը քչերին է տրված: Նրանք ստիպված են գտնել համակեցության գաղտնիքը, սերն ու սեքսը միշտ վառ պահելու ձեւը: Իսկ դա հեշտ չէ՝ դա լուրջ, տքնաջան աշխատանք է պահանջում, որին մեզանից քչերն են ընդունակ:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ