Բումերանգ

Բումերանգ
Երբ որոշ չինովնիկներ զզվանք ու հոգնություն արտահայտող դեմքով խոսում են մամուլի կողմից տարածած «ապատեղեկատվության» մասին, ուզում ես ասել՝ դա ձեր մեղքն է, ձեր եփած ճաշը: Պետք չէ մեղադրել լրագրողներին: Մի քանի օրինակ բերեմ: Երեկ լուր տարածվեց, թե դատական արխիվից անհետացել է Վանո Սիրադեղյանի գործը: Ավելի ուշ վճռաբեկից հերքեցին դա: Տարիներ շարունակ մենք՝ լրագրողներս, գուշակում ենք ու տարբեր կասկածելի աղբյուրներից ճշտում, թե որտեղ են նստած (նստա՞ծ են արդյոք) Հունանյան եղբայրները: Ամիսներ շարունակ Մաշտոցի պուրակի դեպքերը լուսաբանող լրագրողները եւ բնապահպանները չէին կարողանում տեղեկություն ստանալ, թե ինչ որոշում է կայացրել քաղաքապետարանն այդ տարածքի կապակցությամբ՝ քանի տարով է տվել, ինչ հիմունքներով, ում: Այսպիսի հազարավոր օրինակներ կարելի է բերել: Երբ լրագրողական, իմա՝ հասարակական հետաքրքրությունը բախվում է չինովնիկական պատին եւ տեղեկությունները թաքցնելու փորձերին, գործի են դրվում «մեր սեփական աղբյուրները», որոնք երբեմն շահագրգիռ են, երբեմն՝ ոչ այնքան լավատեղյակ, երբեմն՝ միտումնավոր շեղող: Ուստի, եթե չեք ուզում ամբողջ օրը հերքել մամուլի հայտնած տեղեկությունները, չեք ուզում, որ ձեր մասին գրվի ավելի վատ, քան դուք իրականում կաք, պետք է փորձեք հաղթահարել ձեր «զզվանքը» մամուլի ու լրագրողների նկատմամբ եւ հնարավորինս ճշգրիտ ու ամբողջական ինֆորմացիա տրամադրել մեզ: Ի վերջո, մամուլն իր գործն է անում, եւ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե որտեղ է նստած Նաիրի Հունանյանը, ինչպես է իրեն զգում ու ինչով է զբաղված: Ինչպես իրավունք ունի շոշափել Սիրադեղյանի գործն ու քաղվածքներ անել դրանից: Մամուլի աշխատանքը կարելի է սահմանափակել միայն «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն: