Քայլենք Երեւանի կենտրոնով

Քայլենք Երեւանի կենտրոնով
Չկա օր, որ Երեւանի քաղաքապետը՝ շքախումբը ետեւից գցած, չգնա այս կամ այն թաղը, կարմիր ժապավեններ չկտրի, բակեր ու ծաղկանոցներ չբացի, տատիկ-պապիկների հետ ջերմ զրույցի չբռնվի: Բան չունեմ ասելու՝ լավ գործ է, քաղաքապետին վայել: Բայց այսօր առաջարկում եմ քաղաքապետին ինձ հետ կտրել այն ճանապարհը, որը ես ամեն առավոտ կտրում եմ աշխատանքի գալուց:



Սարյան-Արամի փողոցների հատույթից միասին քայլենք մինչեւ Բուզանդի 1/3 հասցե: Ենթադրենք, Արամ-Բուզանդ փողոցների միջակայքում ընկած այգու ճակատագիրը դեռ որոշված չէ, եւ վեճ կա, թե ինչ պետք է լինի այս հատվածում՝ հերթական էլիտար բազմաբնակարա՞նը, այգի՞, թե՞ Սոս Սարգսյանի թատրոնը: Անխնամ վիճակը վերագրենք այս անորոշությանը եւ քայլենք առաջ: «Մալիբու» սրճարանի դիմացի մայթն անցնելու համար ստիպված ենք մտնել գետնուղի: Այստեղ պարոն քաղաքապետին պետք է առաջարկեմ հակագազ հագնել, որ տարիներ ի վեր չլվացված անցումում չխեղդվի: Բայց դիմացը Մաշտոցի պուրակն է, որը ոչ թե իր՝ քաղաքապետի, այլ մի խումբ երիտասարդների շնորհիվ դարձավ հույսի օազիս, որ Երեւանը մի օր կբարեկարգվի:



Անցնենք առաջ. Արամի փողոցով, որը մայթեր չունի, եւ եթե մի քիչ հավասարակշռությունդ խախտես, կարող ես մեքենայի տակ հայտնվել, քայլենք մինչեւ Աբովյան փողոց: Այստեղ էլ ձեզ Ավետիս Կարագուլյանի չավարտվող շինարարությունն է դիմավորում՝ փոշով, ավազով ու անանցանելի ճանապարհով: Շարունակենք ճանապարհը՝ Վերնիսաժի տարածքն ավերածությամբ չի զիջում նախորդ հատվածին, իսկ երկու շարժական զուգարաններից ավելի անտանելի գարշահոտ է փչում: Դե իսկ կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւի հատվածում դեռ սովետական ժամանակներն են ու անհուսալի ավերակներ, որոնք արդեն չենք էլ նկատում: Հիշեցնեմ, որ մենք քայլում էինք Երեւանի կենտրոնով: