Երկու տարբեր հանրույթ

Երկու տարբեր հանրույթ
Առողջ է այն հասարակությունը, որտեղ տարբեր, երբեմն անգամ ծայրահեղորեն հակադիր հայացքներ ու գաղափարներ կան, եւ դրանք կրողներին արգելված չէ հրապարակել ու առաջ տանել այդ գաղափարները: Դատապարտված է այն հասարակությունը, որտեղ միակարծություն կա, եւ որոշ գաղափարների ու հայացքների կրողները վախենում են իրենց տեսակետը հայտնել: Երբ հունգարական կառավարությունը փորձում է պաշտպանել իր քայլը եւ ինչ-որ միջազգային կոնվենցիաների վրա է հղում անում, դա հասկանալի է եւ բնական:



Իսկ երբ հունգարական հասարակության մեջ մի քանի տասնյակ հազար մարդ ելնում է փողոց, դատապարտում իր իշխանությունների արարքն ու ներողություն խնդրում հայերից, ոչ միայն նորմալ է՝ որպես առողջ հասարակությանը բնորոշ պահվածք, այլեւ հիացմունքի արժանի: Նույնը չես ասի ադրբեջանական հանրության մասին: Ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող ալիեւյան պահվածքը դատապարտողներ կարծես թե մեր հարեւան երկրում ի հայտ չեկան:



Եվ սա առավել սոսկալի է, քան մի բռնապետի նողկալի հրամանը: Սա խոսում է այս հասարակության անհույս հիվանդ լինելու մասին: Սա խոսում է, որ հարեւան երկրում ոչ միայն վախի մթնոլորտ է տիրում, այլեւ այլախոհությունն իսպառ վերացված է: Այս պատկերի ֆոնին մեր հասարակությունն առողջ ու առաջադեմ է թվում: Ի վերջո մենք, անգամ ազգային նուրբ հարցերում, օրինակ՝ ցեղասպանության հետ կապված կարծիքներում, ունենք այլակարծություն, եւ դա պատիվ է բերում հայ ժողովրդին ու հայ հասարակությանը:



Անգամ սաֆարովյան դեպքերի մեկնաբանություններում, ֆեյսբուքյան քննարկումներում իրարամերժ կարծիքներ են հնչում՝ իրարից տարբերվող, խնդրին տարբեր տեսանկյուններից նայող: Եվ սա նույնպես ուրախացնում է: Կնշանակի՝ մենք սահմանափակ ու նեղմիտ ասիացիներ չենք, եւ սա է մեր երկրի կայացման ուղին: