Բանակցել, բայց ո՞ւմ հետ

Բանակցել, բայց ո՞ւմ հետ
Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում ձեւակերպեց իրենց դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ն եւ Հունգարիան արել են իրենց անելիքը՝ դատել են իրենց տարածքում մարդասպանություն կատարած հանցագործին: Արտահանձնումն էլ տեղի է ունեցել եվրոպական կոնվենցիաներին համապատասխան: Ստացվում է, որ ՆԱՏՕ-ն եւ Հունգարիան որեւէ պատասխանատվություն չեն ուզում կրել այն բանի համար, որ հայերն ու թուրք-ադրբեջանցիները դարերով իրար հետ շունուկատու են, եւ հայերի ջիգրու էլ Ալիեւն ազատություն է շնորհել ցմահ բանտարկյալին: ՆԱՏՕ-ի, Արեւմուտքի, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ հարցի ընկալումը հետեւյալն է. Ալիեւը լավ չի արել, բայց հիմա արել է, ի՞նչ կարող ես անել: Մի տեսակ անզորի կեցվածք: Այ, սրա դեմ է, որ մենք պետք է պայքարենք: Մենք պիտի կարողանանք ողջ աշխարհին հասկացնել, որ Ալիեւի արարքն աններելի է, հարյուր անգամ ավելի աններելի, քան Սաֆարովի կատարած հանցագործությունը: Բոլորը պիտի հասկանան, որ վաղը, Ալիեւի հետ շունուկատու դառնալու պարագայում, Ադրբեջանում կարող է հերոսացվել ամերիկացի, ռուս, ֆրանսիացի կամ գերմանացի մարդասպանը:



Եվ այս հեռանկարն է, որ մեզ խանգարելու է շարունակել բանակցություններն Ալիեւի հետ: Ալիեւն այլեւս իրավունք չունի մասնակցելու մի հարցի քննարկման, որտեղ հայի ճակատագիր է վճռվում, ճիշտ այնպես, ինչպես Հիտլերին մոտ չէին թողնի հրեաների Հոլոքոստին վերաբերող քննարկումներին եւ, լավագույն դեպքում, կհարցաքննեին որպես մեղադրյալի: Մենք դեմ չենք հարցի խաղաղ կարգավորմանը, մենք կողմ ենք բանակցություններին, բայց մենք հանցագործների հետ չենք բանակցում: Սա պետք է լինի բանակցությունները շարունակելու մեր մեկնակետը: Բանակցային ողջ գործընթացում պետք է հստակ տարանջատել նախասաֆարովյան եւ հետսաֆարովյան շրջանները: