Չորրորդ խոսափող

Չորրորդ խոսափող
Երեկ մեր խորհրդարանի հերթական բենեֆիսն էր: Հայտարարությունների տեքստերը, որ ընթերցվում էին ամբիոնից, տպավորություն էին ստեղծում, թե վերականգնվել է «ԱՐ»-ի հաղորդաշարը, երբ տարբեր մարդիկ գալիս էին Ազատության հրապարակ եւ այնտեղ տեղադրված խոսափողից, առանց ռեգլամենտի, պատմում իրենց դարդուցավը, բայց ավելի շատ ըմբոշխնում միկրոֆոնով ելույթ ունենալու «կայֆը»:



Մեր երեսփոխանները՝ ով սարից, ով չոլից, ով էլ անտառից ինչ-որ բաներ էին ասում: Եվ ոչ մի կերպ չէր հասկացվում, թե ինչ է ասում էս մեր «ընտրյալը», ում է ուղղված նրա ասածը, ինչ նպատակով: Ամենաշատն իհարկե սաֆարովյան հայրենասերներն էին, ովքեր անմեղ-անշառ, բայց խրոխտ ու ճռճռան բառեր ասելու հնարավորություն էին ստացել: Որ ապացուցեն իրենց նվիրվածությունը «կուսակցությանն ու հայրենիքին»: Համաձայն եմ «Ֆեյսբուքում» այդ առիթով արված քոմենթի հեղինակի հետ. «Մեր պատգամավորների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չհասկացավ, որ մեր խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանին հաթաթա անելն անիմաստ է: Դա արեք դրսում»:



Բայց ինչ-որ ձեւով իրենց պե՞տք է ցույց տան: Ասենք՝ ի՞նչ թեմայով ամբիոն բարձրանա ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավորը, հո՞ չի խորանալու Վերահսկիչ պալատի գործունեության նրբությունների եւ թղթի վրա մնացած հաշվետվությունների մեջ ու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գա:



Ամենահեշտը, ասենք, մամուլի կամ բանակի խնդիրների մասին խոսելն է: Ինքը դեռ այնքան չի փչացել, որ վեր կենա ու խոսի իր կուսակցության խոշոր ձեռքբերումների կամ ընդդիմության «չուզողության» ու վնասակարության մասին: Եվ նախագահությունից նրանց նայող խանդաղատալից հայացքներից կարելի է հասկանալ, որ նորաթուխը խփել է ուղիղ 10-ին: Ղեկավարության սպասելիքներն արդարացված են: