Աթոռը պահելու գաղտնիքը

Աթոռը պահելու գաղտնիքը
Ինչպե՞ս տարբերել լավ նախարարին վատ նախարարից, լավ պաշտոնյային վատ պաշտոնյայից: Եթե խոսքը բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, ապա մեզանում միայն մեկ չափորոշիչ կա... բանավոր խոսքը: Ապա ուշադիր զննեք հրապարակային գործունեության դաշտը եւ կհամոզվեք, որ լավ պաշտոնյայի համարում ունենալու եւ պաշտոնը երկար պահպանելու համար ընդամենը մի որակ է հարկավոր ունենալ՝ խոսքի թեթեւակի վարպետություն:



Նախարարը կարող է բացարձակապես չտիրապետել իրավիճակին, չկողմնորոշվել ոլորտի աշխատանքներից, անգամ իր աշխատասենյակում հազվադեպ լինել, բայց եթե նա ճարտար խոսում է՝ վերջ: Նրա պաշտոնավարումն անամպ կանցնի: Ընդ որում, պարտադիր չէ լինել ազնիվ ու ճշգրիտ, խոսել խելացի ու կառուցողական: Հարկավոր է միայն տիրապետել խոսքի հմտությանը: Նախարարը կարող է անգամ պաթոլոգիական ստախոս լինել, իր խոստումները չկատարել, ոչ մի աշխատանքային գրաֆիկ չպահպանել, չշփվել աշխատակազմի հետ, չկայացնել կամ էլ կայացնել միայն վնասակար որոշումներ: Դրանք երբեւէ պատճառ չեն դառնա, որ նրան ազատեն աշխատանքից:



Նրան աշխատանքից ազատելու պատճառ կարող է դառնալ սխալ ասված խոսքը, լեզվի սայթաքումը, քաղաքական վրիպակը: Դա է պատճառը, որ մեր «ամենաստացված» նախարարները լեզվից ճարտար ժուլիկներն են, որոնք գիտեն ամեն ինչի տակից դուրս գալ եւ ֆռռացնել լրագրողներին ու հասարակությանը: Իսկ նրանք, ովքեր խոսքի խնդիրներ ունեն, ամեն կերպ ձգտում են պարզապես չխոսել եւ լրագրողների հետ հնարավորինս քիչ հանդիպել: Շառից-փորձանքից հեռու՝ մտածում են սրանք: Իսկ թե համակարգը, որը վստահված է այս լեյտենանտ Շմիդտի որդիներին, ինչ վիճակում է, ով ինչ է անում այնտեղ եւ ինչքանով է կանգնեցնում այս երկրի առաջընթացը, ոչ մեկին դա չի հետաքրքրում: