Արագ արձագանքում

Արագ արձագանքում
Ռուսաստանից ժամանած ազգականս պատմում է, թե ինչ «բեսպրեդել» է տիրում մեր հարեւան երկրում: Ինչպես են պարտակում ոստիկանների կատարած սպանությունները եւ, «թքելով» ժողովրդի երեսին, ազատ արձակում հանցագործներին: Ինչպես են պուտինյան չինովնիկները թալանում երկիրը, եւ ինչպես է ճնշվում այլախոհության ու ընդդիմանալու ցանկացած չնչին փորձ:



Ես նրան պատմում եմ Մաշտոցի պուրակի, «Հարսնաքարի» դեպքերի մասին: Ասում եմ, որ մեծ խումբ մարդիկ «մարդասպան» են անվանում դեպքի վայրում չեղած օլիգարխին, պահանջում են նրան պատժել եւ, ըստ էության, հասան այն բանին, որ նա հրաժարվեց ԱԺ մանդատից: Զրուցակիցս փայլատակող աչքերով հիացած նայում է ինձ ու զարմանում. «Մի՞թե ձեզ հաջողվել է քաղաքացիական հասարակություն ձեւավորել»: Անշուշտ՝ ոչ: Դեռ շատ վաղ է խոսել քաղաքացիական հասարակության եւ քաղաքացի-իշխանություն գործուն կապի մասին, բայց որ վերջին տարիներին շատ բան է մեզանում փոխվել, փաստ է:



Փոքր երկրներում ավելի հեշտ է իշխանության վրա ներազդելը, փոքր երկրներում իշխանության համար կարեւոր է ցանկացած մարդու կարծիքը՝ եզրակացնում է հայրենակիցս: Գուցե: Բայց դա հենց այնպես չի ստացվել: Տարիներ շարունակ մարդիկ պայքարել են՝ մենք «Առագաստի» դեպք ենք տեսել, «Ա1+»-ի փակման դեմ ենք անզոր պայքարել, այսօր էլ չենք կարողանում ընտրակեղծիքների դեմն առնել: Բայց տեղաշարժ, անշուշտ, կա: Առաջադեմ ու պայքարող մարդկանց մի խավ է ձեւավորվել, որոնք երեկ «Հարսնաքարի» գործով դատական պրոցեսին էին մասնակցում, որոնք, արագ արձագանքման խմբի նման, անմիջապես հայտնվում են այնտեղ, որտեղ կյանքի խնդիր կա ու ոտնահարված իրավունք, թեկուզ մեկ կտրված ծառ եւ էկոլոգիական թնջուկ: Այս «շտապ օգնությունը» կփրկի մեզ եւ չի թողնի, որ իշխանությունը լճանա: