Հերյուրանքը դուք եք

Հերյուրանքը դուք եք
Երեկ մենք գրել էինք, որ Գեղարքունիքի ոստիկանության մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը մեքենան սխալ կայանելու համար վիճաբանել եւ հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանի որդուն՝ Սեւակ Ստեփանյանին: Վերջինս հիվանդանոցում է՝ ծնոտի վնասվածք է ստացել եւ այսօր պետք է վիրահատվի: Ուզում եմ ընթերցողին պատմել, թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ «Հրապարակը» տպագրեց այս լուրը: Նման լուրերը, որպես կանոն, անարձագանք չեն մնում:



Մենք սպասում էինք, որ շուտով կարձագանքեն կամ ոստիկանությունից, կամ մարզպետարանից: Եթե դեպքն արձանագրված չէ՝ կհերքեն: Սակայն մինչ օրվա վերջ՝ ոչ մի ձայն: Փոխարենը մեր լուրի տակ ընթերցողներից մեկը լատինատառ «քոմենթ» էր գրել. «Ճիշտ չեք մեկնաբանում՝ չի հարվածել էէէէէէ, ընենց են ծեծել, որ հիվանդանոցում ա»:



Մենք լուրը գրելու պահին գիտեինք, որ դաժան ծեծի են ենթարկել, գիտեինք նաեւ, որ բանակցություններ են գնում դեպքը հարթելու եւ կողմերին հաշտեցնելու համար: Այդ պարագայում դեպքը պետք է կոծկեին, տղայի վնասվածքը ներկայացնեին այլ լույսի ներքո եւ հերքեին մեր գրածը: Օրվա ավարտին երկու իշխանական կայքերով «հերքման» տեքստը գնաց. ի՞նչ ծեծ, ի՞նչ բան՝ տղան «վազել է ու ընկել»: Այ, այ, այ՝ փոխմարզպետի տղան վազել չգիտի, ընկնելիս էլ ուղիղ ծնոտի վրա է ընկնում ու ծանր կոտրվածք ստանում:



Մենք էլ զանգեցինք տղային, հեռախոսը վերցրեց այլ անձ: Ասաց, որ Սեւակն ի վիճակի չէ խոսելու: Հերքեց՝ ծեծ չի, ընկել է: Իսկ «հերքողն» ո՞վ է՝ փոխմարզպետ հայրիկը: Կհարցնեք՝ եթե ծեծող-ծեծվողները հաշտ են, ինչո՞ւ է «Հրապարակը» մտնում մատի ու մատանու արանքը: Թերեւս չէինք մտնի, եթե այս անամոթները չհայտարարեին, որ «տեղեկատվությունը հերյուրանք է»: «Հերյուրանք», որ առնվազն մի հազար մարդու հայտնի է: