Զուգահեռներ Վրաստանի հետ

Զուգահեռներ  Վրաստանի հետ
Վրաստանում վերջին օրերին ծավալված դեպքերը հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Կալանավայրում կատարված տեսագրությունը, որից երեւում է, թե ինչպես են կտտանքների ենթարկում դատապարտյալներին, Վրաստանում բողոքի բուռն ակցիաների տեղիք է տվել: Բանը հասել է այնտեղ, որ փողոց ելած մարդիկ սկսել են պահանջել երկրի նախագահի հրաժարականը: Հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե նման տեսահոլովակ հայտնվեր մեզանում:



Նախ, ոչ մեկի մտքով չէր անցնի մեղադրել արդարադատության նախարարին կամ, առավել եւս՝ երկրի նախագահին: Առնվազն կկանգներ բանտի պետին պատժելու հարցը: Բայց դա էլ չէր լինի, քանի որ մեր հասարակության մի հսկա հատված կարծում է, որ հանցագործների նկատմամբ բռնություններ կիրառելը նորմալ երեւույթ է եւ արժանի չէ այդպիսի ուշադրության: Մեզանում անգամ նորմալ կհամարեին, որ բանտերում հայտնված անձանց արժանապատվությունն ու մարդկային իրավունքները ոտնահարվում են:



Թերեւս մեզ մոտ նման սկանդալներ չեն լինում ոչ թե այն պատճառով, որ մեր բանտերում իդեալական վիճակ է, եւ նման բռնություններ չկան, այլ որովհետեւ դրանց մասին տեղեկություններ չենք ստանում: Երկու օր է՝ մենք փորձում ենք տեղեկանալ մի դատապարտյալի վիճակի մասին, որը զանգել էր մեր թղթակցին եւ հայտնել, որ բուժկետում բռնության է ենթարկվել՝ բուժակն իրեն դանակահարել է (պատկերացնո՞ւմ եք՝ բուժելու փոխարեն ինքն է վնասվածք պատճառել):



Բայց այդ մասին կալանավայրերի վարչությունից պատասխան ակնկալելն անիմաստ է, իսկ դատապարտյալի կինը խնդրում է չգրել, որ ամուսնուն վնաս չպատճառեն: Եթե Եվրախորհրդի անդամ դառնալիս կալանավայրերի դռները բացվեցին, եւ լրագրողների մուտքը թույլատրվեց, ապա հիմա գրեթե անհնարին է դարձել կալանավայր մտնելը: