Վասն անկախության

Վասն անկախության
Ինձ անհասկանալի է ինչպես անկախությունը փնովողների, այնպես էլ գովերգողների մտածողությունը: Դա նույնն է, որ հայհոյես կամ գովերգես բնությունը, աշխարհը, քաղաքակրթությունը, Երկիր մոլորակը: Անկախությունը նույնքան բնական երեւույթ է, որքան մարդու կյանքն ու տիեզերքը՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով, իր բոլոր դժվարություններով ու հաճույքներով, դժբախտություններով ու երջանիկ պահերով:



Եվ նոր սերունդը, կարծում եմ, հենց այդպես էլ ընկալում է անկախությունն ու անկախ պետություն ունենալու հանգամանքը: Գուցե մեզ՝ սովետական երկրում ապրածներիս համար է այն արտառոց ու քննարկման ենթակա: Անկախության տարիներին ծնվածների համար դա նույնքան բնական է, որքան այն, որ Հայաստանն ունի պետական դրոշ, գերբ, դրամական միավոր ու հիմն:



Այդ մենք՝ 20-րդ դարում ծնված-մեծացածներս ենք զարմանում եւ հուզվում մեր պետական դրոշը տեսնելիս, հիմնը լսելիս: Այդ մենք ենք քննարկում՝ անկախ երկրում ապրե՞լն է լավ, թե՞ Սովետական Միությունում: Եվ ամենասարսափելին այն է, որ ոչ մի կերպ չենք կարողանում այդ հարցում հստակ կողմնորոշվել՝ սովետական բռնապետության հետ կապված նոստալգիա ունեցողները մեզանում շատ-շատ են: Իրականում նրանց մեծ մասը երեւույթների պատճառահետեւանքային կապն ընկալելու դժվարություններ ունի:



Այն, ինչից դժգոհ է անկախությունը փնովողների բանակը, բոլորովին կապ չունի «անկախություն» հասկացության հետ. դրանք մեզանից շատերի անշնորհքության, անբարոյականության, հանցավոր բնույթի դրսեւորումներն են, որոնց պատճառով մենք վատ ենք ապրում, եւ երկիրն էլ չի զարգանում: Հիվանդ գլխի համար ոտքերին մեղադրելը ոչ միայն ազնիվ չէ, այլեւ խելացի էլ չէ: Այնպես որ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, պետք է գլխից բռնել: