Ախպերություն

Ախպերություն
Մի երկրում, որտեղ սուտ ասելը վատ բան չի համարվում, եւ սուտ ասում են անգամ հասարակության կողմից ամենահարգված մարդիկ, կնշանակի կեղծիքի մթնոլորտ է տիրում ամենուր: Նախօրեին մամուլում լուր տարածվեց, թե Վայոց ձորի նախկին մարզպետը փորձել է միջամտել Արտաբույնք գեղեցիկ անունով գյուղում տեղի ունեցող ընտրությունների պրոցեսին, բախում է եղել, եւ միջադեպի արդյունքում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Ողջ օրը Սերգեյ Բագրատյանը չպատասխանեց լրագրողների հեռախոսազանգերին, իսկ երեկ արդեն խրոխտ ու ինքնավստահ հայտարարեց, թե դրանք սուտ տեղեկություններ են, այսպես ասած՝ հերյուրանքներ, որոնք իրականության հետ կապ չունեն:



Մոտավորապես այսպես. լրագրողներն ու ինչ-որ չարակամներ նստել-մտածել են, թե ինչով վարկաբեկեն խեղճ մարդուն, եւ մի ֆանտաստիկ պատմություն են հորինել ընտրություններում նախկին մարզպետի հետաքրքրության, ապա իր թեկնածուին պաշտպանելու նպատակով ընտրատեղամասում առաջացած քաշքշուկի եւ ոստիկաններից մեկին գլխով խփելու մասին: Այ, գլխով խփելու մասն ինձ հատկապես հետաքրքրեց: Փաստորեն, այս պատմությունը հորինողները լավ էլ ֆանտազիա ունեն, կարող են անգամ կրիմինալ սերիալների սցենար գրել՝ պիկանտ մանրամասներով, սուր տեսարաններով: Կարեւորը, որ այդ տեսարանները «երջանիկ» ավարտ ունենան՝ պարզվի, որ ոչ քրեական գործ է հարուցվել, ոչ մարդիկ են պատժվել:



Հարցը լուծվել է գեղական կարգով: Ասենք՝ ինչ-որ մեկը մտել է Վովայի մոտ, սա էլ խոսել է «շեֆի» հետ, եւ գործը փակել են: Դե, բարեկամ կուսակցության ներկայացուցչին հո չե՞ն նեղացնելու մի «թեթեւ» վեճի համար: Հետո, իհարկե, այս «ներողամտության» դիմաց մի բան կպոկեն: Ասենք՝ Գյումրիում ԲՀԿ-ից թեկնածու չի առաջադրվի: Կամ Ավանում կանցկացնեն հերթական հանրապետականին: