Ալիկ Արզումանյանը կմիանա Քոքոբելյանին

Ալիկ Արզումանյանը կմիանա Քոքոբելյանին
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ապահարզանն այլեւս այլընտրանք չունի կուսակցության ղեկավարներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունների համատեքստում: Այսքանից հետո հաշտության եզրեր գտնելը, ինչպես ասում են, հրաշքի կնմանվի, չնայած քաղաքականությունում եւ այն էլ նման  արկածախնդիր գործիչների դեպքում դա սպասելի էր: Գործիչներ, որոնցից մեկի համար մանդատը, այսինքն՝ ժողովրդի ձայնը, խաղարկման ենթակա է, մյուսի համար էլ մանդատատենչը եւ դրանից կառչած լինելը՝ գերնպատակ, հանուն որի կարելի է նույնիսկ հեղինակություն զոհել:



 



Թերեւս այս երկու կուսղեկավարների զավեշտի հասնող վեճի մասին վերջերս շատ գրվեց, եւ այլեւս նպատակահարմար չէ քննարկել եւ փորձել հասկանալ՝ ով է մեղավոր կամ ով՝ սխալ: Փաստ է մի բան, որ ապահարզանը քաղաքական երկու ուժերի համար անհետեւանք չի մնա:  «Ժառանգություն» խմբակցությունը, տրոհվելով,  կկորցնի ազդեցությունն ԱԺ-ում եւ կդադարի այլեւս որպես խմբակցություն ընկալվել: Իսկ ի՞նչ է սպասվում «Ազատ դեմոկրատներին», նրանցից  էլ լավագույն դեպքում, ինչպես ասում են, «Ա» տառը կմնա՝ ԱԺ երկու անկախ պատգամավորի կարգավիճակով: Բանն այն է, որ իրական տեսանկյունից այս երկու կուսակցությունների ապահարզանի դեպքում այլեւս չի կարելի խոսել  երկու կուսակցությունների առանձին-առանձին խորհրդարանական գործունեության մասին:



 



Ինչպես գիտենք, ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի՝ խմբակցությունից հեռացնելու հարցը, որոշ տեղեկություններով, «Ժառանգությունում» օրակարգային է, պարզապես սպասում են մինչեւ խոստացված վարչության նիստը, որը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին: Սակայն ԱԴ-ականները մինչ այդ, մեր տեղեկություններով, պատրաստվում են առաջ ընկնել եւ իրենք հայտարարել խմբակցությունում իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Այստեղ այսօր կամ վաղը քաղխորհրդի նիստ է սպասվում, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, վերջակետ կդնեն կուսակցականների մանդատի տնօրինման հետագա խնդրին: «Ազատ դեմոկրատների» պատգամավորները կհայտարարեն, որ հանդես են գալիս անկախ եւ կապ չունեն խմբակցության գործունեության հետ, եւ նրանց որոշումներն իրենց համար պարտադիր չեն: Անշուշտ, սա լավագույն լուծումը չէ ԱԴ-ականների համար: Նախ, այսպիսով իրենք ամբողջովին կզրկվեն խմբակցության «բարիքներից», շրջագայություններից ու տարբեր տեսակի գործուղումներից, որոնք հասանելի կդառնային տարբեր հանձնաժողովներում ընդգրկվածության արդյունքում:



 



Ըստ ԱԺ կանոնակարգի, խմբակցությունն է թեկնածուներ ներկայացնում տարբեր պատվիրակություններում, հետեւաբար,  «Ժառանգությունից» իրենց կզրկեն այդ ամենից: Օրինակ, Արզումանյանը կզրկվի այլեւս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի, «Եվրանեսթի» եւ այլ հանձնաժողովների անդամակցությունից, Քոքոբելյանի դեպքում եւս նույնը կլինի: Ենթադրվում է, որ այս ամենից հետո թե Ալիկ Արզումանյանը, թե Խաչատուր Քոքոբելյանը մեծ սիրով կլքեին խմբակցությունը, եթե ԱԺ կանոնակարգ-օրենքը նման հնարավորություն տար: Բայց ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ «3. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին»: Կա, սակայն, ՍԴ որոշում, որտեղ ասվում է, որ «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին» դրույթը՝ քվեաթերթիկներում որպես ընտրական ցուցակի թեկնածուներ չնշված պատգամավորների առնչությամբ այնքանով, որքանով նպաստում է Ազգային ժողովում ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձեւավորված քաղաքական հավասարակշռության փոփոխությանը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 7-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր (ՍԴ 810 որոշմամբ): Քանի որ ՍԴ որոշումից հետո դեռեւս նման խնդիր չի եղել, խնդրեցինք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին դա մեկնաբանել: Ըստ նրա՝ այս դեպքում խմբակցությունից դուրս գալու հնարավորություն տրվում է բացառապես համամասնական ցուցակի առաջին երեք համարներին: Կարճ ասած, եթե Քոքոբելյանը դրա հնարավորությունն ուներ, Արզումանյանը զրկված էր դրանից:



 



Նշենք նաեւ, որ ապահարզանից եւ խմբակցությունում իրենց լիազորությունները դադարեցնելուց հետո ԱԴ-ականները պատգամավորական այլ խմբի կամ խմբակցության չեն կարող միանալ: Սա նույնպես՝ ըստ ԱԺ կանոնակարգի:



 



ՀԳ - Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Մասիս Այվազյանը նույնպես մեզ հետ զրույցում բացառեց, որ Ալիկ Արզումանյանը կշարունակի միայնակ մնալ «Ժառանգություն» խմբակցության կազմում: «Վաղը կամ մյուս օրը վարչության նիստ ենք հրավիրելու եւ որոշելու ենք մեր կուսակիցների հետագա գործունեությունը, ավելին ասել չեմ կարող»,- այլ հարցերից խուսափեց Մասիս Այվազյանը: