Եվս մեկ քայլ

Եվս մեկ քայլ
Երեկ գիշեր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր հերթական նիստում ճանաչեց Պաղեստինը որպես այդ համաշխարհային կազմակերպության մեջ դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Մինչ այս Պաղեստինը ներկայացված էր ՄԱԿ-ում որպես սուբյեկտ-դիտորդ:



 



Բանաձեւն ընդունվեց ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 138-ի հավանությունից հետո, դեմ քվեարկեց 9 պետություն: Պաղեստինում հույս ունեն, որ վաղուց սպասված այս որոշումը նոր իմպուլս կհաղորդի Իսրայելի հետ տասնամյակներ տեւող բանակցություններին, այնինչ իսրայելական կառավարության ղեկավարի գրասենյակից հնչել է տեսակետ, որ «որոշումն անմտություն է եւ իրականության մեջ ոչինչ չի փոխելու»:  Միացյալ Նահանգներն էլ նոր բանաձեւի առնչությամբ ոգեւորված չէ: Վաշինգտոնում գտնում են, որ պետության լիարժեք կարգավիճակ ստանալու համար պետք է ստանալ Իսրայելի համաձայնությունը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գլխավոր ասամբլեայի որոշումը գնահատել է «ցավալի եւ ոչ արդյունավետ», ասել է, որ Պաղեստինի նոր կարգավիճակը միայն նոր խոչընդոտներ կառաջացնի տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին:



 



Շատերի կարծիքով, բանաձեւը ձեւավորել է մի քաղաքական իրավիճակ, որտեղ պաղեստինյան տարածքների հետագա ճակատագիրը բանակի ձեռքում է, իսկ նման իրավիճակում խաղաղ բանակցությունները, որպես կանոն, մտնում են փակուղի: Իսկ ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը պաղեստինցիները: Քաղաքագետ Մուստաֆա Բարհուդին ասել է. «Բանաձեւի գործնական նշանակությունը մեծ է: Այդկերպ տարածքները ստանում են զավթվածի կարգավիճակ, այլ ոչ թե վիճելիի, ինչպես դա ներկայացնում է Իսրայելը»: Թվում է՝ աշխարհի ամենաանլուծելի ու երկարատեւ վեճերից մեկը՝ իսրայելապաղեստինյան հանգույցն էլ կլուծվի, իսկ ղարաբաղյան հարցը կմնա ու կմնա: