Բաց նամակ արգենտինահայ գործարար պարոն Էռնեկյանին

Բաց նամակ արգենտինահայ գործարար պարոն Էռնեկյանին
Հարգելի պարոն Էռնեկյան



Մենք` Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներս, օրերս տեղեկացանք ՀՀ կառավարության մի որոշման մասին, որով Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության 2-րդ շենքն օտարվում է Ձեզ` որպես հյուրանոց օգտագործելու նպատակով:



 



Մեծապես հարգելով ու արժեւորելով վերջին տարիների  Ձեր ներդրած ավանդը մեր երկրի տնտեսության զարգացման մեջ` այնուամենայնիվ հայտնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ ու ըստ էության հապճեպ այդ որոշումը դժգոհության ու բողոքի մեծ ալիք է առաջացրել հանրության լայն շրջանակներում: Բողոքի ալիքն այդ իր արձագանքն է ունեցել լրատվության հրապարակումներում ու նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Հանրային խորհրդի մի շարք հանձնախմբերում. այն արձանագրվեց ու որակվեց որպես անընդունելի գործարք:



 



Հարգելի պարոն Էռնեկյան, մեր այս նամակով մենք նպատակ չունենք որեւէ մեղադրանք ուղղել Ձեզ կամ դիտարկել իբրեւ սխալ գործարքի կողմնակից: Ամենեւին ոչ:  Մեր նպատակն է Ձեզ, որպես քաղաքակիրթերկրում ապրած ու գործած օրինապաշտ քաղաքացու, իրազեկել հետեւյալը.



 



Կառավարության 2-րդ տունը, ինչպես եւ Երեւանի Հանրապետության հրապարակի համալիրն ամբողջությամբ, վաղուց ի վեր ճանաչվել է որպես հանրապետական կարգի պատմամշակութային արժեք եւ  ներառվել պետության կողմից պահպանման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Նմանատիպ ու առավել եւս պետական սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ  սեփականատիրության իրավասությունը, ըստ գործող Սահմանադրության, պատկանում է հանրությանը:  Հետեւաբար, այդ գույքն օգտագործող պետական մարմնին   վերապահված չէր այն օտարելու իրավասությունը` առանց հանրությանն իրազեկման ու նրա համաձայնության:



 



Այնուհետեւ: Պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող գույքի օգտագործման բնույթի փոփոխումը չէր կարելի հրահանգել առանց հուշարձանների պահպանման եւ օգտագործման ոլորտում պետական լիազոր մարմնի  պատշաճ քննության ու օրենքով պահանջվող մասնագիտական եզրակացության: Մինչդեռ գործարքի վերաբերյալ կառավարության որոշման մեջ բառ անգամ չկա հուշարձանի նոր սեփականատիրոջ հետ անշարժ գույքի պահպանման ու օգտագործման հույժ կարեւոր եւ դարձյալ օրենքով սահմանված փաստաթղթի` պետական լիազոր մարմնի հետ պահպանողական պարտավորագրի կնքման հանձնարարականի վերաբերյալ, որ նույնն է, թե անտեսված է հուշարձանի անխաթարության ապահովման` օրենքով ամրագրված երաշխիքը: Սա լուրջ խոչընդոտ է լինելու գույքի հետագա տիրապետման գործառույթներում:



 



Եվ, վերջապես, ակնհայտ է, որ Երեւանի Հանրապետության հրապարակն իր ավարտուն համալիրով մեր պետականության, ազգի պատվի ու արժանապատվության խորհրդանիշն է, նաեւ քաղաքակիրթ աշխարհին ներկայանալու համայն հայության կողմից նվաճված իրավունքի խորհրդանիշը, եւ, որպես այդպիսին,  այն չպետք է դառնար առքուվաճառքի առարկա:



 



 



Հարգելի պարոն Էռնեկյան



 



Այս հույզերով համակված` հորդորում ու խնդրում ենք Ձեզ` մեկ անգամ եւս քննության առնել Ձեզ ներկայացված կառավարության որոշումը, համադրել այն Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով, ինչպես նաեւ ՙՊատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման ու օգտագործման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված դրույթների հետ, որից հետո, մեր խորին համոզմամբ, Դուք կգաք ողջամիտ եզրահանգման ու զերծ կմնաք մի քայլից, որի հետեւանքով  համայն հայության պատվի խորհրդանիշ Երեւանի Հանրապետության հրապարակն անշրջելիորեն կվերածվի քարավանատների խայտաբղետ մի մեյդանի, որտեղ  այլազգի բրենդային ցուցապաստառների կողքին  կստվերվեն մեր ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆ ու ԶԻՆԱՆՇԱՆԸ:



 



Մենք բոլորս պատրաստ ենք հանդիպելու Ձեզ հետ եւ  քննարկելու այս հարցն իր ողջ խորությամբ:



 



Ամենայն հարգանքով ու Ձեր սթափ վճռի ակնկալիքով`



 



Յակով Խաչիկյան 



 



Մկրտիչ Մինասյան



 



Հրանուշ Խառատյան



 



Վլադիմիր Բոյնագրյան



 



Հասմիկ Ասլանյան 



 



Մեսրոպ Մովսիսյան



 



Սարգիս Գուրզադյան



 



Սոնա Մարդանյան



 



Մամիկոն Ղասաբյան



 



Գուրգեն Մուշեղյան



 



Կարինե Դանիելյան



 



Մանե Հակոբյան



 



Դոլորես Ղափանցյան



 



Սաշուր Քալաշյան



 



Սվետլանա Ասլանյան



 



Սիլվա Ադամյան



 



Սարգիս Սարդարյան



 



Արամայիս Ասլանյան 



 



Մարտին Ասլանյան



 



Էդուարդ Սաֆարյան



 



Լեւոն Խրիստաֆորյան



 



Նունե Պետրոսյան



 



Դավիթ Քերտմենջյան



 



Յուրի Սաֆարյան 



 



Լորետա Դոլուխանյան



 



Աշոտ Կանայան



 



Մուրադ Հասրաթյան



 



Գագիկ Սողոմոնյան



 



Նունե Սարգսյան



 



Ելենա Վարդանյան



 



եւ այլք: