Հույսի փարոսներ

Հույսի փարոսներ
Ահա եւ եկավ կոմպրոմատների պատերազմի ժամանակը: Թվում է՝ ուժեղ մրցակից չունեցող Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն անհանգստանալու ոչինչ չունեն, իսկ դա նշանակում է, որ կոմպրոմատներ կիրառելու, սրան-նրան «փչացնելու», մրցակիցների ռեյտինգի նվազեցման վրա աշխատելու հարկն էլ չկա:



 



Բայց, պարզվում է, մթնոլորտն այնպես են փչացրել, որ ոչ մի միջոց այլեւս անընդունելի չէ՝ անգամ ամենակեղտոտ ու ամենանենգ մեթոդները: Եվ այսպես, ասպարեզ է նետվել մի գաղտնալսման ձայնագրություն, որն ինքնին որեւէ մեծ անակնկալ չէր պարունակում, բայց տպավորությունն այնպիսին է, ինչպիսին ժամանակին ունեցան Անժելա Սարգսյանի լուսանկարները: Եթե անկեղծ լինենք, ապա ցանկացած երկու անձի առանձնազրույցի հրապարակումը, մանավանդ եթե այդ երկուսը հասարակությանը հայտնի անձնավորություններ են, նմանատիպ էֆեկտ կստեղծի: Որքան էլ մարդը զգույշ լինի ու կոռեկտ իր խոսքի մեջ, միշտ մի նյուանս կարելի է հայտնաբերել նրա խոսքի մեջ, որն ուղղված է ոչ թե լայն հանրությանը, այլ կոնկրետ զրուցակցին: Եվ դրա մեջ սենսացիա տեսնողները սխալվում են, եթե կարծում են, որ իրենց զրույցները պակաս աղմուկ կհանեին ու պակաս կշահարկվեին:



 



Մյուս կողմից, այս հուսահատ ու իր քաղաքական, հոգեւոր, մշակութային էլիտայից իսպառ հիասթափված հասարակությանը հիասթափության նոր առիթ տվողը, որքան էլ մեծ բացահայտում անի եւ ոմանց դիմակները պատռի, ազգին  վատ ծառայություն է մատուցում: Հասկացանք՝ իշխանությունը կոռումպացված է, կեղծ, ծախու, բայց եթե հավատանք, որ ընդդիմությունն էլ է անազնիվ ու կեղծիքի հակված, մեզ բոլորիս կմնա այս երկրից «երթալը»: Այնպես որ հիմա հույսի, հավատի, լավատեսության փոքրիկ փարոսներ վառելու ժամանակն է: Եվ ով կկարողանա դա անել, կմնա մեր երկրի պատմության մեջ: