Նախագահի թեկնածուների ՍՊԸ-ի «գեներալնին» նախագահն է

Նախագահի թեկնածուների ՍՊԸ-ի «գեներալնին» նախագահն է
Նախագահական ընտրությունները լրջի սահմաններից դուրս են եկել. այդ ինստիտուտը վերածվել է ՍՊԸ-ի: Հանրության մեջ՝ սկսած գործող նախագահից, այլևս ոչ մի թեկնածու լուրջ չի ընկալվում: Ինչու՞ դյուժին թեկնածուների ֆոնի վրա նախագահի թեկնածուությունը լուրջ չի ընկալվում: Կարճ պատասխան. ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, նախագահի թեկնածուների ՍՊԸ բացողը, «գեներալնին» հենց նախագահն է:



 



Սա իմ խոսքը չէ, ժողովրդական բանահյուսությունից եմ քաղել: Հավաքագրում է մարդկանց, աշխատավարձ վճարում, բայց չի հրամանագրում՝ ձեզ համար ապրեք էլի՜... Գոյություն ունեցող նախագահի բոլոր թեկնածուներն ինձ մի պատմություն են հիշեցնում. գյուղից հաճախակի մեզ հյուր է գալիս Հմայակ «դային»: Երբ տեսնում է, որ ֆուտբոլ ենք նայում, հարցնում է՝ մերո՞նք են... Բացասական պատասխան լսելուց բորբոքվում է. «Ա՜յ ձեր խիղճը չփխեմ, որ մերոնք չկան, էլ ու՞մ եք «բալետ» անում»: Հիմա նախագահի թեկնածուների մասին հանրության գերակշռող մասը, եթե ողջ ամբողջը (ես հանրություն չեմ համարում հանրության ցավով չապրող օլիգարխներին) այսպես է մտածում՝ որ մերոնք չկան, ով ուզում է, թող անցնի: Ընտրվելու մասին խոսք չկա, ընտրություն բառը մենակ եվրոպական «ձյաձյաներն» են օգտագործում՝ համեմելու իրենց եփած անհամ ճաշը:



 



Երեկ Հմայակ «դային» էլի մեզ հյուր էր եկել՝ հը՜, ոնց կլինի ընտրությունները,-հարցրի: Քիթը վեր քաշեց՝ բոլոր նախագահի թեկնածուներն էլ Սերժի մարդիկն են, ոչ հետաքրքրվում, ոչ էլ խաղը նայում եմ... Վերջը ո՞նց կլինի,- հարցնում եմ: Վերջը էն կլինի,- երկարաձգելով ասաց ծերունին,- որ երկիրը կառնեն, հետո տանուլ կտան իրենցից մեծերին...



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ