Ես եմ Ավանի թաղային հեղինակությունը

Ես եմ Ավանի թաղային հեղինակությունը
Նախագահական ընտրությունների խայտառակ պատկերը ստիպեց իշխանությանն ավելի զգոն լինել  Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Պետք է կարողանալ այնքան քվե ստանալ, որ նախագահականի արդյունքների տխուր պատկերը մնա ստվերում:



 



Իսկ այս գործում կիրառելի մեխանիզմը թաղային հեղինակություններն են, ովքեր, թաղ առ թաղ, տուն առ տուն ընկած, իրենց հատուկ եղանակներով ցուցակագրում են բնակիչներին, ոմանց՝ սպառնալիքով, ոմանց՝ տղայական «բազարներով» ստիպում, որ գան եւ ընտրեն ՀՀԿ-ին: Եվ այդ ամենն ուղեկցվելու է սկանդալներով ու հաշվեհարդարներով: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել Երեւանի Ավան, Աջափնյակ եւ Արաբկիր համայնքներում: Բայց պարզվում է՝ Ավան վարչական շրջանի ղեկավարը սրանից անտեղյակ է:



 



Երեկ, ավագանու նիստից հետո, մեզ հետ զրույցում նա պնդում էր, թե տվյալներին չենք տիրապետում, եւ Սերժ Սարգսյանը հաղթել է իր ղեկավարած համայնքում, մինչդեռ հայտնի է, որ Սերժ Սարգսյանն Ավանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ընդհանուր առմամբ պարտվել է  15 հազար 752-ը 15 հազար 383-ի հարաբերակցությամբ: Բացի այս զավեշտալի  հայտարարությունից, Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես եկավ: Մեզ հետ զրույցում նա պնդում էր, որ ինքն Ավանում թաղային հեղինակություն է, այլ կերպ ասած՝ «քուչի ավտարիտետ»:



 



 - Պարոն Ջավադյան, ի՞նչ մեխանիզմներ եք գործի դնելու ժողովրդից քվե կորզելու համար:



 



- Հանրապետական կուսակցությունն արդեն չորս տարի աշխատել ա, ժողովուրդն էլ տեսել ա, մնում ա, որ ժողովուրդն էդ ամեն ինչը ճիշտ գնահատի: Ես կարծում եմ, որ ժողովրդին համոզելու այլ քայլերի խնդիր չկա: Քաղաքի հետ կապված քաղաքի բարեկարգման, կանաչապատման մեր խոստումները, որոնք նախընտրական ծրագրում կային, էդ ծրագրի 80 տոկոսն իրականություն է դարձել:



 



- Ժողովուրդն իր գնահատականը տվեց նախագահական ընտրությունների ժամանակ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը Ձեր համայնքում պարտվեց: Ձեր կարծիքով,  դա՞ չէր գնահատականը:



 



- Դուք շատ սխալվում եք, որ պարտվել է, ժողովուրդը չի ընտրել: Չէ, Դուք գնացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հանեք Ավան համայնքի 21 տեղամասինը, եւ եթե Ձեր մեջ մի քիչ արդարություն կա, ուղղակի կուզենայի, որ Դուք ճիշտ տվյալները տայիք:



 



 - Ավան համայնքում չի՞ պարտվել Սերժ Սարգսյանը:



 



- Ես էլ ասում եմ, որ Դուք սխալվել եք: Ես հայտարարում եմ, որ Ավան համայնքում հաղթել է Սերժ Սարգսյանը:



 



 - ԿԸՀ-ի տվյալներն ինչի՞ մասին են վկայում:



 



- Դուք չեք տեսել էդ տվյալները, Ձեր նման մի քանի հոգի,  կասկածամիտ մարդիկ սուտ լուրեր են տարածել: Սերժ Սարգսյանը հաղթել է Ավան համայնքում:



 



 - Ըստ լուրերի, այս անգամ թաղապետներն ընտրական գործընթացներում ներգրավելու են նաեւ թաղային հեղինակություններին: Նման հանձնարարականներ կա՞ն:



 



- Ես նման լուրեր չգիտեմ, բայց Ավանում թաղային հեղինակություն են, մարդիկ են… օրինակ ես, որպես Ավանի թաղապետ: Մնացած մարդիկ, ովքեր որ իրական ճիշտ գործեր են կատարել, նրանք բոլորը թաղային հեղինակություններ են: Այ, Դուք Ձեր թաղում թաղային հեղինակություն չե՞ք:



 



- Այսինքն, Դուք թաղային հեղինակությո՞ւն եք Ավանում:



 



- Այո, այո, ես համարում եմ, որ մեր թաղում թաղապետը թաղային հեղինակություն է:



 



- Է՞լ ովքեր են թաղային հեղինակություն Ձեր թաղում:



 



- Այն մարդիկ, ովքեր որ ժողովրդի համար լավ բաներ են անում, թաղային հեղինակություն են, Դուք երեւի հայերենի մասնագետ եք, չէ՞, որտե՞ղ եք ավարտել… Այն մարդիկ, ովքեր իրենց թաղում սովորական բնակիչների կողմից հարգանք են վայելում, հեղինակություն ունեն, կմասնակցեն ու կընտրեն էն մարդուն, ով արժանի է:



 



ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՈՉ ՄԵԿԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ



 



Թեեւ Արաբկիր համայնքում նախագահական ընտրությունների արդյունքներն ամենաժողովրդական նկարագիրն ունեին հօգուտ ընդդիմության, սակայն թաղապետ Հրայր Անտոնյանն ինքնավստահ հայտարարում է, որ առաջիկայում միանշանակ հաղթանակ է ապահովելու, եւ արդարանում է, թե  նախորդ տարիների համեմատ այս անգամ առաջընթաց կար: Վստահեցնում է, որ չի վախենում քաղաքական ուժերի մասնակցությունից, մասնավորապես ԲՀԿ-ից: Թե այդ քաջությունն ինչպես կդրսեւորվի, հայտնի կդառնա ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո:



 



- Պարոն Անտոնյան, ճի՞շտ է, որ թաղային հեղինակություններով եք կազմակերպելու առաջիկա ընտրությունները:



 



- Ես, որպես վարչական շրջանի ղեկավար, աշխատում եմ իմ ժողովրդի հետ, արաբկիրցիների հետ:



 



 - Նախորդ ընտրությունների քվեները Ձեզ չե՞ն պարտադրում նոր մարտավարությամբ պատրաստվել ավագանու ընտրություններին:



 



- Այս անգամ Արաբկիրում ընդդիմությունը հաղթեց, բայց, համեմատած մյուս ընտրությունների, նախագահն ավելի շատ ձայն հավաքեց:



 



- Ջավադյանն ասաց, որ ինքը թաղային հեղինակություն է Ավանում, Իսկ Դուք Արաբկիրում թաղային հեղինակությո՞ւն եք:



 



- Ե՞ս, արաբկիրցիներին հարցրեք՝ իրանք կասեն ես ով եմ: Դրա պատասխանը կարող է տալ միայն բնակիչը, իրանց հարցրեք՝ Անտոնյանն ո՞վ է, իրանք  կպատասխանեն:



 



- Իսկ ԲՀԿ-ի մասնակցությունը Ձեզ վախեցնո՞ւմ է:



 



- Ես ընդհանրապես ոչ մեկից չեմ վախենում իմ կյանքում՝ ոչ ԲՀԿ-ից, ոչ Դաշնակցությունից, ոչ ՕԵԿ-ից:



 



- Այս անգամ ի՞նչ եք խոստանում ՀՀԿ-ին…



 



- Միանշանակ՝ հաղթանակ…



 



Մյուս պարտված համայնքի՝ Աջափնյակի թաղապետը թերեւս դեռ դուրս չի եկել նախագահական ընտրությունների արդյունքում գրանցած «հաջողությունների» դեպրեսիայից: Նա բացարձակ չէր խոսում, մեր հարցերին արձագանքում էր անորոշ հայացքով՝ առանց բերանը բացելու:



 



ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ ԵՆՔ



 



Մինչ երեկ հայտնի էր, որ Նորք-Մարաշը Երեւանի կենտրոնին մերձ համայնքներից է, սակայն այդ համայնքի երկարակյաց թաղապետ, Երեւանի պատվավոր քաղաքացի Վարազդատ Մկրտչյանը կարծում է, որ իրենց համայնքն ավելի շատ գյուղ կարելի է համարել, թաղապետարանն էլ՝ գյուղապետարան, քանի որ փոքր է:



 



- Պարոն Մկրտչյան, ժողովրդի քվեին ինչպե՞ս պետք է այս անգամ արժանանաք:



 



- Ժողովրդին լավ նայենք:



 



- Ի՞նչ նկատի ունեք:



 



- Օրինակ, ժողովուրդն ինչ որ ցանկանում ա, ուզում ա, պտի անպայման բավարարել:



 



- Ձեր համայնքի ժողովուրդն ի՞նչ է ցանկանում, մասնավորապես:



 



- Նույնը, ինչ որ բոլորը՝ այգիներ կառուցել, աշխատանք ունենալ…



 



- Իսկ Դուք բավարարե՞ լ եք նրանց պահանջները:



 



- Ինչով որ կարողացել ենք, մեր թաղապետարանը գյուղապետարան կարելի ա համարել, փոքր ա, էլի, մեր հնարավորության սահմաններում օգնում ենք:



 



 - Լուրեր կան, թե թաղային հեղինակություններին էլ եք հանձնարարել զբաղվել ձայներ հավաքագրելով:



 



- Չէ, մեզ մոտ ըտենց բաներ չեն եղել, մեզ մոտ բոլորն իրար բարեկամ են, ճանաչում են:



 



ՀԳ - Նկատենք, որ կրիմինալ տարրերի մասնակցության մասով Էրեբունի համայնքի ղեկավարը չցանկացավ մեկնաբանություն տալ: Նա Թոխմախի Մհերի զարմիկն է: Նիստի ավարտից հետո թաղապետերը մոտեցան Տարոն Մարգարյանին, ողջագուրվեցին, մի քանի բառ փոխանակեցին ու հեռացան, միայն Ավանի թաղապետը նրա հետ առանձնացավ, ինչն էլ հաստատեց այն լուրերը, որ թաղային հեղինակությունները Տարոնի հաղթանակի հարցում լուրջ դերակատարում են ունենալու: