Ընտանեկան ջերմ մթնոլորտում

Ընտանեկան ջերմ մթնոլորտում
Երեկ Ազատության հրապարակի ամենակարեւոր իրադարձությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողների այցելությունն էր արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող իրենց որդուն: Հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը եւ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանն ԱՄՆ-ից երեկ էին ժամանել Հայաստան:



 



Տիկին Վարդիթերն անկաշկանդ շփվում էր մարդկանց հետ, բարեւում, զրուցում, իսկ հավաքվածները սիրով էին ողջունում նրան, նվիրում ծաղիկներ եւ պատվում՝ ասելով Մեծ մայրիկ: Մայրն անբաժան շրջում էր որդու հետ, անկասկած, ծնողներն այցելել էին զորակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն ասում են, որ նրանք եկել են, կամ նրանց ինչ-որ մարդիկ հորդորել են գալ, որպեսզի իրենց որդուն ծնողական սիրով հորդորեն դուրս գալ հացադուլից:



 



Իսկ երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական քաղաքացիական ֆորումը, որի բանախոսներն էին «Սարդարապատ» քաղաքացիական շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուգասզյանը: Սեֆիլյանը խոսեց շարժման հետագա անելիքների եւ ծրագրերի մասին, նաեւ նշեց, որ եթե անցած 15-18 տարիների ընթացքում ընդդիմությունն ուներ մեկ ուղի, որը տանում էր դեպի փակուղի, այժմ իրենք գտել են մի ընթացք, մեկ այլ ուղի, որը գործելու է օրենքի շրջանակներում, սահմանադրական տրամաբանության շրջանակներում, եւ որի շնորհիվ ձեւավորվելու է զուգահեռ իշխանություն` բառի բուն իմաստով: Նա նաեւ անդրադարձավ Սերժ Սարգսյանի ասուլիսին: «Սերժ Սարգսյանը, խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանին տված իր երեք խորհուրդների կամ տարբերակների մասին, հիշատակել էր մի միտք, ասելով՝ եթե գնաս Ազատության հրապարակ եւ 80 տոկոսով քեզ նախագահ հռչակես եւ սկսես ձեւավորել զուգահեռ իշխանություն, այդ ժամանակ ձեզնով կզբաղվեն իրավապահ մարմինները: Նրա այդ ասածը նաեւ մատնացույց է անում մեզ այսօր, որ սա ճիշտ ուղին է: Եթե նա կարծում է, որ իր այդ սպառնալիքով մեզ պիտի վախեցնի, չարաչար սխալվում է, ընդհակառակը` նա մեզ օգնում է, որ հասկանանք` ճիշտ ուղին դա է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:



 



Քաղացիական ֆորումի ավարտին, որը 4-րդն էր, խոսեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը որակյալ առաջարկներ են ներկայացնում, սակայն դրանց կանդրադառնա 10-րդ նիստից հետո՝ հաջորդ շաբաթվա վերջին տեղի ունենալիք հանրահավաքին: Նաեւ ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ երկրի իրավիճակին, սակայն նշեց, որ բոլորը գիտեն, թե ինչ արձագանքներ են ստացվում իշխող կուսակցության կողմից: «Արդեն չափազանց շատ տարիներ ինքն իրեն շփոթել է պետության հետ, ազգի հետ, Նժդեհի հետ եւ պատասխան պիտի տա այս շփոթմունքի համար: Փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթել է ու պատգամ բերել, որ այդ հաղթանակն անպայման պիտի տանենք ի կատար: Թող մի հատ թասիբ ունենան ու հրապարակ գան ու տեսնեն, թե ինչ որակ կա այս ժողովրդի մոտ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:



 



Վերջում ընդգծեց, որ իրենք արդեն մի բռունցք են դարձել, ուժ են դարձել, ինչի մասին գիտեն բոլորը, եւ ժողովուրդը գալու է իշխանության: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքն ավարտելով հիշեցրեց, որ այսօր, ժամը 16.00-ին Ազատության հրապարակում մամուլի ասուլիսով հանդես կգա ինքը, իսկ ժամը 17.00-ին տեղի կունենա 5-րդ քաղաքացիական ֆորումը, որը կվարեն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Սանասարյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ