Երկխոսության կոչ է անում, ոչ թե ԱԺ արտահերթ նիստի

Երկխոսության կոչ է անում, ոչ թե ԱԺ արտահերթ նիստի
«Դա անհեթեթ սուտ հայտարարություն է ինչ-որ նպատակով, որը չի էլ կարելի անգամ հետազոտել»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց լուրերին, թե ԱԺ Հանրապետական խմբակցության նախաձեռնությամբ կնախաձեռնվի ԱԺ արտահերթ նիստ:



 



 



Հիշեցնենք, որ հետընտրական իրավիճակի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների բանակցությունները դեռ նախորդ շաբաթ տապալվեցին, քանի որ «Ժառանգությունը» հրաժարվեց եւ հայտարարեց, որ իրենց պայքարը լինելու է միայն Ազատության հրապարակում: Նշենք նաեւ, որ դրանից հետո խորհրդարանում Գալուստ Գրիգորիչը մարտի 20-ին հայտարարեց, որ գործընթացը կշարունակվի, եւ հերթական խորհրդակցությունը խորհրդարանական ուժերի միջեւ` հետընտրական վիճակի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստ գումարելու կապակցությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, թե բոլոր ուժերը կներկայացնեն իրենց առաջարկները, եւ փորձ կարվի մշակել հայտարարության տեքստ, որտեղ հաշվի կառնվեն քաղաքական ուժերի առաջարկությունները: ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթացը նախօրեին կենդանության նշաններ ցույց տվեց՝ այն բանից հետո, երբ Գալուստ Սահակյանն ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին փոխանցեց իրենց հեղինակած հայտարարության նախագիծը։



 



Շարմազանովը, երեկ ներկայացնելով ՀՀԿ առաջարկած հայտարարության նախագիծը, մասնավորապես ասել է, որ այնտեղ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովը, մտահոգված լինելով Հայաստանի հետընտրական իրադարձություններով, գիտակցելով, որ քաղաքացիական համերաշխությունը, հասարակական եւ քաղաքական վստահությունը կնպաստեն երկրի զարգացմանը, կոչ է անում բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ջանք գործադրել՝ փոխհանդուրժողականության մթնոլորտում երկխոսություն ծավալելու նպատակով: ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաեւ կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների եւ ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիներին՝ կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող գործողություններից եւ գնալ երկխոսության ճանապարհով՝ փորձելով համատեղ ջանքերով լուծել գոյություն ունեցող խնդիրները»:



 



ՀԱԿ-ը, ի պատասխան հրապարակեց իր առաջարկները. «Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները»։ Կոնգրեսն առաջարկում է նաեւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցերի քննարկում կազմակերպել: ՀԱԿ-ը միայն նման նախագծի շուրջ կարող է միանալ համաձայնությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ հայտարարեցին, որ չեն պատրաստվում ստորագրել Հանրապետականի կողմից ուղարկված տեքստի տակ: ԲՀԿ-ն եւս առաջարկներ է ներկայացրել, հիմնականում ԸՕ-ում փոփոխություններ, եւ հատկապես ընդգծել է 100 տոկոսանոց ընտրական համակարգին անցնելու անհրաժեշտությունը: Բայց, ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ում նախապայմաններ չեն դնում, կմասնակցեն արտահերթ նստաշրջանին, որը կհրավիրվի ԱԺ ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ եւ կներկայացնեն իրենց տեսակետները: ՀՅԴ-ի առաջարկները հիմնականում սահմանադրական փոփոխություններին են վերաբերում, անցում խորհրդարանական կառավարման ռեժիմին եւ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



 



Նկատենք, որ «Ժառանգությունն» էլ էր նույն հարցերը բարձրացնում բանակցություններին: ՀՀԿ-ում երեկ բորբոքված էին մյուս ուժերի հայտարարություններից, ՀՀԿ-ի սրտով չէ, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից ներկայացվում է, թե ՀՀԿ-ն է նախաձեռնում ԱԺ արտահերթ նիստը: «Ինչ-որ մեկը խնդիրներ է ունեցել եւ մամուլ է մտցրել, թե արտահերթ նիստ պետք է լինի: Արտահերթ նիստի խնդիր այս պահին չկա եւ չէր էլ կարող լինել»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հակասելով իր իսկ կուսակիցներին: Նա հիշեցրեց, որ, համաձայն պայմանավորվածության, բոլոր խմբակցությունները պետք է ներկայացնեին իրենց տեսակետը. «Ես էլ ուղարկել եմ բոլորին մեր տեսակետը: Այսինքն՝ դա աշխատանքային պրոցես է ընդամենը»: Անդրադառնալով ՀԱԿ հայտարարությանն ասաց. «Առաջին հերթին դա խորհրդարանում քննարկելու խնդիր չէ, նախեւառաջ մենք պետք է համատեղենք մեր ոււժերը, արդյոք պատրա՞ստ ենք նստենք քննարկման, խնդիրը դա է, իսկ մնացած բոլոր հարցերը կարելի է քննարկել եւ որոշ հարցերին անգամ ժխտողական պատասխան տանք: Մինչդեռ որոշ ուժեր փորձում են պարտադրել, որ եթե այս պահին չստորագրեք, իբրեւ թե էնքան ուժեղ են իրենց գործունեությամբ, որ կարծես թե դրանից պետք է ինչ-որ բան տուժվի: Տուժելու է քաղաքական դաշտն ընդհանրապես եւ ոչ միայն որոշ քաղաքական ուժ: Իսկ ՀԱԿ-ի հայտարարությունը շփոթել են նեղ կուսակցական իրենց միտինգային օրակարգին: Քննարկման ոճը, ձեւը նախ պետք է ստեղծվի, նոր այդ հարցերը բարձրացնեն ու փորձեն համոզել ինչու»:



 



Ստացվում է, որ ՀՀԿ-ն նախաձեռնում է հերթական գյալաջին, առանց կոնկրետ օրակարգի: «Մեր խնդիրը հետեւյալն է. նախեւառաջ խոսել, քննարկել, ինչ-որ չափի հանգրվանի հասնել, նոր դա քննարկել: Հիմա արտահերթ նիստով կլինի, լսումներով… Իրենց պատճառաբանությունը հետեւյալն է. հենց հիմա բերեք-ստորագրեք, որ խորհրդարանական կառավարման ձեւի ենք անցնելու, այսինքն՝ խուսափողական մոտեցում ունեն»,- ասում է Սահակյանը: Նրա կարծիքով, փորձում են Երեւանի ընտրություններում «հնարավոր կշիռներ ձեռք բերեն, որը նաեւ իրենց համար հետագա քաղաքական ճակատագրի խնդիր է»: