Էլ ի՞նչ քաղաքականություն առանց առակի

Էլ ի՞նչ քաղաքականություն առանց առակի
Հիշո՞ւմ եք հայտնի առակը՝



 



Բախտի բերմամբ,



Թե պատահմամբ,



Մի մեծ ագռավ



Մի գունդ պանիր



Դաշտում գտավ.



Կտուցն առավ,



Ծառին թռավ:



 



Թե ինչքան է Րաֆֆին մեծ՝ թողնում ենք Րաֆֆու եւ րաֆֆիասեր հասարակության խղճին: Դա այս պահին խնդիր չէ նույնիսկ: Բայց մնացածը, մեր կարծիքով, մեկին-մեկ համապատասխանում է իրականությանը, սկսած Րաֆֆու՝ պայքարի մեջ մտնելուց, մինչեւ Ազատության հրապարակը գրավելն ու նստելը:



 



Օ, Ի՜ՆՉ ՊԱՆԻՐ, ԴԵՂԻՆ ՈՍԿԻ...



 



540 հազար ձայն՝ հե՞շտ է բերանով ասելը: Րաֆֆին, ահա, այդքան ձայն է ստացել, կարելի է ասել՝ գտել ու թեւերը փռել այդ ձայների վրա՝ իմն է: Հասկացանք՝ իրենն են այդ ձայները, բայց ի՞նչ անել այդ ձայների հետ, ո՞ւր տանել, վերջապես՝ ինչպե՞ս օգտագործել այդ հանկարծահաս հաջողությունը: Րաֆֆին դա լավ չի պատկերացնում, եւ առայժմ նրա միակ սփոփանքը Սերժ Սարգսյանի հետ նամակագրությունն է: Նամակ գրելով, սակայն, հեռուն չես գնա: Եվ ահա.



 



Բայց դեռ չառած համը իսկի,



Աղվեսն անցավ ծառի մոտով,



Գերվեց,



Էրվեց



Պանրի հոտով:



Վազեց գնաց բերնի ջուրը,



Եվ թուլացան կուռն ու ճուռը:



 



Հասկացաք, երեւի, որ այստեղ ԲՀԿ-ն եկա՛վ... Եկավ, կանգնեց ծառի տակ եւ հո չի խանդում, հո չի խանդում Րաֆֆուն իր գտածոյի համար: Ախր, իր թեկնածուն կարող էր հիմա Րաֆֆու տեղը լինել, ու պանիրն էլ իրենը կարող էր լինել: Ի՞նչն էր պակաս իր թեկնածուի: Ի՞նչ վատ այլընտրանք կլիներ, ինչքա՜ն դժգոհ մարդ իր ձայնը կտար նրան: Ի՞նչ 540 հազար, գուցե ավելին տային, ու հիմա նույնիսկ պարզ չէր լինի, թե ով ավելի շատ պատճառներ կունենար Ազատության հրապարակում նստելու՝ այլընտրա՞նքը, թե՞ պարտված իշխանությունը: Բայց ի՞նչ արեցին: Նախ, ստորագրեցին կոալիցիոն հուշագիր, ապա ինչ-որ հատուկ նպատակով (այդպես էլ չիմացանք, թե ինչ նպատակով) 2012թ. ընտրություններից հետո կոալիցիա չմտան՝ թե մենք այլընտրանք ենք: OK, ասացինք, ձեր այլընտրանք ցավն էլ տանենք: Բա՝ հեսա տեսեք ինչ ենք անելու... հաջորդ դասին: Հաջորդ դասին պարզվեց, որ ԲՀԿ-ի տանը մարդ չկա, ու բոլորը մեկնել են արտերկիր՝ կարեւոր հանդիպումների: Այ, այդ ժամանակ էլ Րաֆֆին՝ ՑցՑ ՍՈՍ ՑցՑ (հիմա ռուսերենն ակտուալ է), հայտնվեց ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին:



 



Ինչեւէ, եղածը եղած է: Րաֆֆին է գտել պանիրը, եւ ծառն էլ այնքան ցածր չէ, որ ԲՀԿ-ն հեշտությամբ ձեռք գցի ավարը: Ի՞նչ կարելի էր անել ստեղծված իրավիճակում:



 



ԲՀԿ-ում, հետաքրքիր է, քանի՞ մարդ է կարդացել «Ագռավն ու աղվեսը» առակը: Եթե գոնե մեկ մարդ՝ Գագիկ Ծառուկյանը, կարդացած լիներ այն, ամեն ինչ կընթանար այնպես, ինչպես առակի շարունակության մեջ: Սիրելի ընթերցող, մի զլացիր եւ կարդա եւս մեկ անգամ՝ վաղուց կարդացած չես լինի.



 



Էն ժամանակ իրա ձեւին,



Ծառի տակից, աչքն ագռավին,



Հեզիկ, նազիկ,



Փափկամազիկ,



Բացեց լեզուն անուշ, մեղուշ,



Թափեց, լափեց շաքար ու նուշ.



- Ինչքա՜ն լավն ես,



Ես քո գերին,



Քո էդ սեւիկ



Վառ աչքերին,



Նուրբ ծալքերով



Զույգ թեւերին:



Մի դու մտիկ



Էդպես քթիկ,



Էդպես ճտիկ,



Մախմուր ազին,



Խաս ու ղումաշ,



Ատլասն հագին:



Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի



Ձայնն էլ կըլի հրեշտակի:



Երգի, քուրիկ, մի ամաչի,



Իմ ուզածը մի մեծ բան չի:



Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ



Երգելում էլ եղար վարպետ,



Օ, կդառնաս, իմ մաքրուհի,



Թռչունների մայր թագուհի...



 



Բնական է, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը կհասնեին ուշաթափության, եթե հարթակում ԲՀԿ-ից մարդ երեւար եւ իր կուսակցության աջակցությունը հայտներ շարժմանը: Րաֆֆուն երեւի ոչինչ չմնար անելու, քան.



 



Ագռավ ազին իրեն տված



Գովեստներից շշմած, ուռած`



Ագռավային



Բկովը մին,



Որ չկռռաց,



Պանիրն ընկավ ծառիցը ցած,



Շողոքորթը ըռխեց, գնաց:



 



Բայց ԲՀԿ-ն, հասկանում ես, էդ կուսակցությունը չի, որ ուրիշի գտածին տիրանա: Եվ ահա՝ դրել ու մի հանգի քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ինչի համար՝ իրենք էլ կարգին չեն հասկանում: Երեւի իրենց ասել են՝ այդպես է պետք: Ո՞վ: Եսիմ, գուցե նա, ով ասաց, որ եթե կոալիցիա չմտնեն ու նախագահականում էլ թեկնածություն չդնեն, ամեն ինչ լավ կլինի: Ու հիմա ստեղծվել է մի վիճակ, որ Րաֆֆին պահանջում է ահագին բան, իսկ իրենց չեն տալիս այն, ինչը պիտի տային գուցե, եթե ամեն ինչ լավ լիներ: Արդյունքում ԲՀԿ-ի կատաղի քննադատության թիրախում են հայտնվել վարչապետը, Րաֆֆին եւ նույնիսկ խեղճ Սամվել Նիկոյանը, ով մի կիսաթեթեւ պաշտոն էլ չունի, որ ձեռքից առնեն, տան ԲՀԿ-ին:



 



Հա, ամենակարեւորը չմոռանանք: Երբ ճարը կտրվում է, ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական դաշտին «րտՏվՑՈվվՏ» մեղադրում է սարսափելի մեղքերի մեջ. «ԲՀԿ առաջնորդն ինքն էր պատրաստվում ընտրապայքարի մեջ մտնել, սակայն տեսնելով, որ քաղաքական ու հանրային դաշտում լայն կոնսոլիդացիա տեղի չի ունենում, եւ քաղաքական դաշտի մեծ մասը «թրաֆիկինգի» է ենթարկվել, որոշեց ձեւականորեն չառաջադրվել ու նաեւ չսատարել որեւէ թեկնածուի»։ Տապոռային աշխատանքը, ինչպես տեսնում եք, ակնհայտ է: Ու հիմա մտածում եմ՝ եթե ընդդիմությունը վերցնի եւ Երեւանի ընտրություններից առաջ տռաս հանի ԲՀԿ-ին, ո՞վ կլինի մեղավոր: Ի դեպ, սրա առակն էլ կա՝ «Արջն ու օձը»: Էն, որ արջն օձին ճանապարհում է՝ դե շիփ-շիտակ գնա հիմի... Ի՞նչ կա որ, կարելի է մի առիթով էլ այս առակն աչքի անցկացնել: Բա չիմանա՞նք, թե մեր զիլ առակները զինչ ցուցանեն:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ