Հայրապետյանն ավագանու ընտրություններին չի՞ խառնվի

Հայրապետյանն ավագանու ընտրություններին չի՞ խառնվի
Նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն ազգային հավաքականի վերջին «հաջողություններից» հետո արտահայտվելու անհրաժեշտություն ուներ: Երեկ նա ասուլիս էր հրավիրել ու գովաբանում էր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին, ով խայտառակ պարտությունից հետո հայտնվել էր ֆուտբոլասեր  քննադատների թիրախում:



 



Ի հեճուկս պարտությունից զայրացած հանրության,  Հայրապետյանը  գովեստներ էր շռայլում Վարդան Մինասյանի  մասնագիտական որակների մասին՝ հավաստիացնելով, որ նրա հրաժարականը չեն ստորագրել, եւ նա շարունակելու է մարզել հավաքականը: Ուշագրավն այն է, որ պնդում էր, թե իրենց առջեւ հաղթանակի խնդիր դրված չէր: Ֆուտբոլային թեմայով Հայրապետյանի ասելիքն անսպառ էր, իսկ այ, քաղաքական ու հասարակական մասով՝ սահմանափակ: Ոչ մի բառ քաղաքականության մասին: Անգամ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների թեման շատ ցավոտ էր, ինչը բնական է՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունների այն անպատվությունը, որ Սերժ Սարգսյանը  պարտություն կրեց Ավան համայնքում, մինչդեռ նույն Հայրապետյանը խորհրդարանական ընտրություններին  ոչինչ չխնայեց իր հաղթանակն ապահովելու համար եւ պարտության մատնեց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին:



 



Ասուլիսից հետո հայաստանյան  ֆուտբոլային հաղթանակների արքան շտապեց իր աշխատասենյակ՝ փոքր-ինչ դինջանալու: Երբ մոտեցանք նրան՝ առանձին հարցեր տալու, նա լրագրողների հետ շփման համար դեմքի հատուկ մշակված արտահայտությամբ պնդում էր, որ ասուլիսի  դահլիճից դուրս հարցերին չի պատասխանում: «Ճի՞շտ եք համարում, որ ես գնում եմ, դուք էլ իմ ոտքերի տակ…, հետո էլ կասեք Հայրապետյանը  նեղացնում ա…»,-անհոդաբաշխ բացատրում էր Հայրապետյանը: Դեռ լավ է, որ մի երկու մուշտի տալու ցանկությամբ չհամակվեց:  Իսկ ի՞նչ տարբերություն Ձեզ համար՝ հարցը կտանք սրա՞հի ներսում, թե՞ դռներից դուրս, դիմեցինք նրան: «Դուք հիմա իմ ժամանակն եք փչացնում…»,- եղավ պատասխանը: Չնայած նրա «դիմադրությանը», այնուամենայնիվ, հնչեցրինք մեր հարցերը՝ խլելով ՀՖՖ նախագահի թանկ ժամանակը: Սակայն նա խուսափեց բուն պատասխաններից: Գուցե պարզապես նրան հրահանգել են չշփվել լրագրողների հետ եւ ֆուտբոլից դուրս ոչ մի թեմայով չխոսել:



 



- Պարոն Հայրապետյան, ինչո՞վ էր պայմանավորված  Ավան համայնքում Սերժ Սարգսյանի պարտությունը:



 



- Ես ասեցի՝ ազգային հավաքականի մարզիչը հրաժարական ա տվել, ֆեդերացիայի գործադիր մարմինը վերահաստատեց ազգային հավաքականի մարզիչ Վարդան  Մինասյանին:



 



- Հաշվի առնելով այդ պարտությունը՝ չե՞ք զբաղվելու ավագանու առաջիկա ընտրություններով:



 



- Վարդան Մինասյանը նորից նշանակվել է ազգային հավաքականի մարզիչ:



 



- Դուք ինչպե՞ս ընդունեցիք Ձեր ազդեցության տակ գտնվող համայնքում  Սերժ Սարգսյանի պարտությունը:



 



- Սերժ  Սարգսյանը Ավանում չի պարտվել, Ձեր թերթում էդքան ինֆորմացված չեք, բայց Սերժ Սարգսյանը Ավանում հաղթել ա, բայց շատ ձայներով չի հաղթել:



 



ՀԳ -  Ինչ վերաբերում է  ընտրությունների արդյունքներին, ապա մեկ անգամ եւս նշենք, որ  Սերժ Սարգսյանը, պաշտոնական տվյալներով, պարտություն է կրել Երեւանի Ավան, Արաբկիր ու Աջափնյակ համայնքներում: