Լռենք ու մտորենք

Լռենք ու մտորենք
Եվ այսպես, այսօր լռության օր է: Այսինքն՝ քարոզչական նյութեր տպագրելն արգելված է: Քարոզչություն անելն էլ է արգելված, բայց պարզ է, որ վաղվա ընտրություններին տենդագին պատրաստվող կուսակցությունները ձեռքները ծալած չեն նստելու, այսօր էլ են աշխատելու, եւ թաքնված քարոզչությունը շարունակվելու է:



 



Բայց եթե ընտրություններին անմիջականորեն մասնակցող անձինք լարված են ու սպասումի մեջ, հասարակությունն էլ, կարծում եմ, անտարբեր չէ: Ի վերջո, բուկլետների բաշխման, բակային հանդիպումների ու հանրահավաքների տարափը, հեռուստատեսության եւ թերթերի ակտիվ քարոզչությունը վարակեցին մեր հասարակությանը, եւ հաջողվեց փոքր-ինչ փոխել ավագանու ընտրությունների նկատմամբ ավանդական վերաբերմունքը: Մարդիկ հասկացան, որ այս ընտրությունն էլ պակաս կարեւոր չէ, քան ՀՀ նախագահի, Ազգային ժողովի ընտրությունները: Եվ եթե այս պնդումը հեռու չէ իրականությունից, ապա պետք է ակնկալել, որ ընտրողն էլ կիրակի օրը պասիվ չի լինի՝ կգնա ընտրատեղամաս եւ կկատարի իր քաղաքացիական պարտքը՝ ինչպես ասում են:



 



Անձամբ ես ակտիվ դիրքորոշման կողմնակից եմ եւ բոյկոտի, չմասնակցելու, քվեաթերթիկ փչացնելու կոչերին լուրջ չեմ վերաբերվում: Ավելին՝ դրանք վնասակար եմ համարում հասարակության կայացման տեսանկյունից: Բայց այս ընտրություններն առավել եւս հետաքրքիր են նախագահի ընտրությունների անակնկալ ընթացքի ֆոնի վրա: Եվ, մասնավորապես, ես անհամբերությամբ եմ սպասում ընտրությունների արդյունքներին: Ուզում եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդը մնա իր բարձրության վրա՝ արհամարհի ցանկացած փող ու կեղծ խոստում, կարողանա տարբերել իրականն անիրականից եւ կատարի ազնիվ ու ճշմարիտ ընտրություն: Ես հավատում եմ, որ այդպես է լինելու: Քանզի երկիրը կայացնելու միակ ճանապարհը հենց դա է: