Ընտրակաշառքը՝ որպես գործոն

Ընտրակաշառքը՝ որպես գործոն
Ընտրական շոկն ու հետընտրական շփոթը չհաղթահարած ՀՀ քաղաքացին մտածում է իր հետագա անելիքների մասին: Նույն խոհերն ունեն նաեւ քաղաքական դաշտն զբաղեցնող կուսակցությունների անդամները, որոնցից մի քանիսը լուրջ հետեւություններ անելու խնդրի առաջ են կանգնած, մյուսները՝ վերակառուցման, երրորդները՝ պարզապես քաղաքական ասպարեզը լքելու:



 



Յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ ինչպե՞ս պատահեց, որ իշխող կուսակցությունն այդքան ձայն ստացավ, որ կիսաընդդիմադիր կուսակցությունը երկրորդ տեղում էր, իսկ արմատական ընդդիմությունը, կարելի է ասել, գրեթե դուրս մնաց քաղաքական պայքարից: Ինչպե՞ս պատահեց, որ 2008-ին հաղթող Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը 2013-ին 4 տոկոսից քիչ ավելի, իսկ 125-ամյա Դաշնակցությունը՝ 3-ից քիչ ավելի ձայն ստացավ: Ինչպե՞ս կարող է այսքան խնդիրներ ունեցող երկրում տարիներ շարունակ երկիրը կառավարած ուժն այդքան շատ ձայներ ստանալ, իսկ ընդդիմությունը, որը խստորեն քննադատում է այդ իշխանությանը եւ խոստանում երկիրը հանել փոսից, ձախողվել:



 



Եվ խնդիրը բոլորովին էլ ընտրակաշառքը չէ, այլ ընտրակաշառքի գոյության հանգամանքները, ընտրակաշառք վերցնողների գիտակցությունը, ընտրակաշառքի դեմ պայքարի անկարողությունը, ընտրակաշառքը, որպես քաղաքական գործոն, ասպարեզից հեռացնելը: Ի վերջո, եթե գլխավոր գործող «անձը» փողն էր, ինչո՞ւ այն բավարար չաշխատեց փող բաժանող մյուս կուսակցության օգտին: Համենայնդեպս՝ այնքան չաշխատեց, որքան սպասվում էր: Ուստի քաղաքական ուժերը պետք է ուսումնասիրեն հանրային հոգեբանության առանձնահատկությունները, հայ մարդու մտածողության յուրահատկությունները եւ դրա վրա կառուցեն իրենց քաղաքական գործունեությունը: Հակառակ դեպքում հաջորդ ընտրությունները եւս կընթանան նույն սցենարով: