Լճացած ու հոգնած

Լճացած ու հոգնած
Այս համատարած հիվանդագին աժիոտաժը կառավարության կազմի շուրջ, որն անձամբ ինձ հասկանալի չէ, երեկ ստացավ իր հանգուցալուծումը: Թե ինչու է ՀՀ քաղաքացին այդքան մեծ հույսեր կապում անձերի, մանավանդ նախարարների անձի հետ, պարզ չէ, բայց անգամ այդ գործընթացի նկատմամբ լիարժեք անտարբերություն ցուցաբերող մարդիկ երեկ կարկամած էին:



 



Եթե հակիրճ ձեւակերպենք այդ տարակուսանքը, ապա պետք է նկատենք, որ կառավարության մաֆիոզ եւ փոփոխության ենթակա մասը մնաց, իսկ քիչ թե շատ մնալու ենթակա նախարարները հեռացան: Սա խոսում է մի բանի մասին, որ հասարակական կարծիքն այս երկրում ոչինչ չարժե: Երբ որոշ ոլորտներից տեւականորեն դժգոհություններ են հնչում, եւ տվյալ նախարարները, որոնք վատից բացի որեւէ լավ բանով աչքի չեն ընկել, չեն փոխվում, կնշանակի՝ նախարար նշանակելու հարցում բոլորովին այլ՝ մեզ անհասկանալի սկզբունքներ են գործում: Չեն կարող մշակույթի կամ էներգետիկայի նախարարները տարիներով մնալ իրենց աթոռներին կպած եւ չլճանալ, չսերտաճել, չկորցնել իրենց աշխատունակությունը:



 



Դա ոչ թե կոնկրետ մարդկանց նկատի ունենալով եմ ասում, այլ ընդհանրապես մարդկային բնույթը: Դա անգամ լրատվական դաշտում է նկատելի՝ այն խմբագրությունները, որտեղ տարիներ շարունակ նոր անուններ, նոր լրագրողներ չեն հայտնվում, կորցնում են թարմությունը, դադարում են հետաքրքիր լինելուց, նոր գաղափարներ, նոր մտքեր չեն ծնվում, ներսում վերանում է մրցակցությունը: Այո, արժեր, որ խմբագիրներն էլ փոխարինողներ ունենային եւ կարողանային փոքր-ինչ հանգստանալ ու վերագտնել ոչ ստանդարտ մոտեցումներ դրսեւորելու կարողությունը: Այնպես, ինչպես նոր նախագահ ու նոր վարչապետ ունենալն է պարտադիր, որ հայտնվեն նոր մարդիկ՝ թարմ մտքերով ու կրեատիվ մտածողությամբ: