Կրկին ձախողում

Կրկին ձախողում
Նախագահական ընտրություններից հետո աշխատել ենք առանձնապես խիստ չլինել նորահայտ ընդդիմության առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Փորձել ենք 100 օր ժամանակ տալ դրսեւորվելու եւ հաջողելու համար:



 



Երեւանի ընտրություններից հետո կարող ենք արձանագրել, որ ավարտվեց սպասումի ժամկետը, եւ այժմ արդեն կարելի է իրերն իրենց անուններով կոչել: Մանավանդ վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան սխալ հաշվարկներ արեց եւ ինչպիսի բացասական դերակատարում ունեցավ «Բարեւի հեղափոխության» առաջնորդն ընդդիմադիր դաշտում: Մի բան պարզ է, որ մեր երկրում իշխանության դեմ պայքարի միակ գործուն մոդելն ընդդիմադիր դաշտի համախմբումն է: Չկա համախմբում՝ չկա արդյունք: Եվ հաջողության կարող է հասնել միայն այն անձը կամ ուժը, որն ունակ կլինի համախմբել բոլոր ոչ իշխանական ուժերին եւ միավորելով բոլոր ռեսուրսները՝ կազմակերպված ու նպատակային պայքարել իշխանության համար: Այս պարագայում աղջկական սեթեւեթանքները, սրա-նրա վարքուբարքի մեջ թերություններ տեսնելը, հին ու մոռացված վիրավորանքներն ու տարաձայնությունները հիշելը կամ մանկամտություն է, կամ՝ մեծամտություն:



 



Ցավոք, «Ժառանգությունը» կարծես երկու ախտով էլ տառապում է: Երբ նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հռչակեց «ընտրված նախագահ», բայց պարզվեց, որ ոչ ֆիզիկական ուժի, ոչ ֆինանսների, ոչ ծրագրային ու գաղափարական առումով մրցունակ չէ, հասկանալի էր, որ պայքարը դատապարտված է: Եվ միակ խելամիտ լուծումը կարող էր լինել իշխանական բուրգը մաս-մաս ջլատելը՝ Երեւանի ընտրություններում հաղթանակ տանելը: Եթե Րաֆֆին իջներ իր նախագահական բարձունքներից եւ ղեկավարեր միասնական ընդդիմության ավագանու ցուցակը, հաղթանակը երաշխավորված կլիներ: Ցավոք՝ չկարողացավ: