Ետընթաց

Ետընթաց
Երկիրս աչքի առաջ ետ է գլորվում: Թողնենք մայիսի 5-ի ընտրությունները՝ դրա մասին շատ ենք խոսել, եւ այդ օրը կատարված մի շարք իրադարձություններ իսկապես դեժավյուի տպավորություն էին թողնում՝ թվում էր, վերադարձել ենք 90-ական թվականներ:



 



Մեր օրերում տեղի ունեցող այլ իրադարձությունների անդրադառնանք, որոնք եւս խորքում ետընթացի մասին են վկայում: Ահա վրդովված մտավորականների նամակը Սերժ Սարգսյանին՝ արգելեք «Անուշի» նոր մեկնաբանությունը եւ վռնդեք Թումանյանի ու Տիգրանյանի վրա ձեռք բարձրացրած «հրոսակներին»: Թեեւ թվում էր՝ կոլեկտիվ դատապարտումների ժամանակները վաղուց են անցել: Երեւան է ժամանել բռնապետական երկրի առաջնորդը, եւ նրան այնպես են ընդունում, կարծես ազատության եւ առաջադիմության ջահն է բերել Հայաստան: Վաղը նոր եկեղեցի է օծվելու Կոտայքի մարզում. մինչ աշխարհը գիտական ու կրթական օջախներ է կառուցում, գերժամանակակից արտադրություններ հիմնում, օդանավակայաններ ու արագընթաց մայրուղիներ գցում, մենք մեր նախապապերի ոգով եկեղեցիներ ենք շինում: Ազատության հրապարակում նստացույց են անում նախկին ազատամարտիկները՝ 90-ականներին կռված տղերքը:



 



Մի վկայություն եւս մեր հին մտածողության. սոցիալական պահանջները պետք է քողարկված լինեն ազգային-հայրենասիրական շղարշի ներքո, հակառակ դեպքում հանրությունը չի հասկանա: Անցյալից ոչ մի կերպ չենք կարողանում հրաժարվել: Մեզ համար մեր պատմությունն ու պատմական անցքերն այնքան թանկ ու նվիրական են, այնքան վառ ու կենդանի, որ ուղեկցում են մեզ ողջ կյանքում: Ահա՝ լրատվամիջոցներից մեկը սկսել է հետահայաց հրապարակել 1999-ի հոկտեմբերի 27-ի ցուցմունքները, որոնք ժամանակին հրապարակվել են, քննարկվել, բայց դրանք մեզ ավելի են հետաքրքրում, քան առջեւում սպասվող իրադարձությունները: