Դաշտը մաքրվում է

Դաշտը մաքրվում է
Հիմա ի՞նչ՝ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարության մասի՞ն էլ պետք է ասեն, թե մարդու «անձնական կարծիքն է», կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Փաստորեն, Գագիկ Ջհանգիրյանի հայտնի «կույս մնալու եւ հաճույք ստանալու» ասացվածքը ԲՀԿ-ի պարագայում գլուխ չեկավ. չի կարող կուսակցությունը ոչ իշխանական լինել, ոչ ընդդիմադիր:



 



Ավելի ճիշտ՝ չի կարող նախընտրական շրջանում ընդդիմադիր լինել, ետընտրական շրջանում՝ իշխանական: Ի վերջո, «Բարգավաճ Հայաստանն» անգամ եթե կարողացել է այս ողջ ընթացքում լողալ ու խուսանավել հստակ դիրքորոշումից, ստիպված էր հստակեցնել իր կարգավիճակը եւ երեկ Գագիկ Ծառուկյանի շուրթերից հնչեցնել կուսակցության պաշտոնական տեսակետը. «ԲՀԿ-ն ընդդիմադիր դառնալ չի կարող»: Վերջ՝ պարահանդեսն ավարտված է, ֆինիտա լա կոմեդիա, բա շուտ ասեիր: Երեկ այսպես էին արձագանքում ֆեյսբուքյան ակտիվիստներն առաջնորդի հայտարարությանը: Բայց կային նաեւ այլ հարցադրումներ՝ իսկ ԲՀԿ մյուս ակտիվիստները տեղյա՞կ են եղել այս որոշման մասին: Եթե տեղյակ էին, ապա ինչպե՞ս բացատրել ավագանու ընտրությունների քարոզարշավի բոցաշունչ ճառերը: Ինչպե՞ս հասկանալ Ազգային ժողովում ԲՀԿ քվեարկություններն ու բոյկոտները:



 



Ինչո՞վ բացատրել հենց իր՝ Ծառուկյանի ոչ հեռավոր անցյալի քննադատական ելույթները, ոչ իշխանական կուսակցությունների հետ բանակցություններն ու միավորման փորձերը: Բազում այլ փաստեր ու դրսեւորումներ: Թեպետ «սա Հայաստանն է», եւ այստեղ ամեն ինչ հնարավոր է, բայց այսքան չկողմնորոշվածություն, այսքան թոզփչոցի, այսքան երեսպաշտություն անգամ ամեն ինչ տեսած ՀՀ քաղաքացին չի կարող մարսել: Մի բան լավ է՝ ընդդիմադիր դաշտն իրոք մաքրվում է, եւ հուսով ենք, որ այն կզբաղեցնեն ավելի ազնիվ ու ավելի քաղաքական դեմքեր: