Ոչ մի հուսադրող բան

Ոչ մի հուսադրող բան
Տառացիորեն մայիսի 6-ից՝ ընտրությունների հաջորդ օրվանից, մեզանում ինչ-որ պրոցեսներ սկսվեցին, որոնց հետեւանքները կարող են աղետալի լինել մեր երկրի համար: Գուցե դրանց մի մասը բնական ու անխուսափելի է՝ բնական աղետի ու բնականոն գնաճի տեսքով, սակայն դրանից երեւույթների բացասական բնույթը չի փոխվում եւ անկանխատեսելի հետեւանքները չեն վերանում:



 



Կարկուտ, հրդեհ, գազի գների թանկացում, սպանություններ ու ինքնասպանություններ, արտագաղթ: Շատ կուզենայինք այս շարքն ընդմիջել բարի լուրերով, սակայն անգամ նոր եկեղեցու բացումը դրական էմոցիաներ չի առաջացնում՝ արարողությունից հետո տոնական սեղանների մոտ սովահար մարդկանց պահվածքի շոկը դեռ չի անցել: Սակայն ամենամտահոգիչը գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ կապված խուճապն է, որը համակել է բոլորին: Բնապահպանները կոչնակ են հնչեցնում ապագայում կտրվելիք ծառերի համար, հոգեբանները՝ հասարակական դեպրեսիայի աճի, արտադրողները՝ համատարած գնաճի, սոցիոլոգները՝ արտագաղթի տեմպերի մեծացման: Մարդիկ ողբում են, թե ինչպես են սրանից հետո գոյատեւելու:



 



Եվ սա այն դեպքն է, երբ ողբացողները միայն ծայրահեղ չքավորները չեն, այլեւ միջին կենսամակարդակ ունեցող անձինք, որոնք եւս առաջիկայում կհատեն աղքատության սահմանը: Եվ ավելի ու ավելի բարձր են հնչում քաղաքական գնահատականները. եթե մեր «ռազմավարական» գործընկեր համարվող Ռուսաստանը մեզ «գազային պատերազմ» է հայտարարում, ապա ինչո՞ւ ենք նեղանում Ադրբեջանի կամ Թուրքիայի վերաբերմունքից: Եթե անգամ գազի գնի մեջ չեն ուզում զիջել, ապա ինչո՞ւ են ակնկալում, որ կմտնենք Եվրասիական եւ Մաքսային միություն: Կշարունակենք ռազմաբազաների համար տարածք տրամադրել եւ ընդհանրապես՝ պրոռուսական քաղաքականություն վարել: