Մենք տարբեր նավերում ենք

Մենք տարբեր նավերում ենք
ԱԺ վերջին նիստերին հետեւող ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, ծանր ապրումներ ունեցան: Այդքան ցինիզմ, անամոթություն, չպատճառաբանված ինքնավստահություն մեկ դահլիճում՝ աննկարագրելի է:



 



Գրեթե ամեն օր հանրապետության մի տեղանքում կայծ է բռնկվում՝ բողոքի հուսահատ մի ճիչ, որից հասկանալի է, որ մարդկանց համբերության պաշարն սպառվում է, իսկ իշխող կուսակցությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, թե՝ հաշտվեք այն իրողության հետ, որ առաջիկա 5 տարիներին Հանրապետականն է իշխելու: Իրենց թվում է՝ եթե կարող են ցանկացած տխմար փաստաթուղթ կազմակերպված անցկացնել ու զենք ու զորքով ապստամբություններ ճնշել, ուրեմն բոլոր հարցերը լուծել են եւ անգամ Աստծո հետ են լեզու գտել: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ՀՀԿ նորաթուխ եւ սպիտակահեր պատգամավորների, նորանշանակ եւ հնաբնակ նախարարների անզուսպ հռետորաբանությունը, որին ականատես եղանք երեկ՝ ԱԺ նիստին հետեւելիս:



 



Մեկն ասում է՝ նույն գնացքում ենք, մյուսը՝ նույն նավում կամ տապանում: Երրորդը «Լասկովի մայն» է հիշել ու իրեն առնվազն Խազանով է պատկերացնում եւ հումոր անում քաղաքական հակառակորդների վրա: Չորրորդն արհամարհական նետում է. միեւնույն է՝ չեք կարող խանգարել մեզ: Հինգերորդը գազի գնի բարձրացումն է մեծ բարեբախտություն կոչում եւ սպառնում, թե՝ չզայրացնեք մեր մեծ եղբորը: Վեցերորդը կոչ է անում՝ թողեք կառավարությունն աշխատի, կարծես վարչապետի ու կառավարության 100 օրն էլ չի լրացել, եւ մենք՝ չարախոսներս, վատաբանում ենք նրանց, առանց դրսեւորվելու համար ժամանակ տալու: Յոթերորդը, ընդդիմության մեղադրանքներին ի պատասխան, քամահրանքով խնդմնդում է քթի տակ: Գնացքի միտքը, ի դեպ, շատ հավանեցի՝ այս «ճանապարհորդներին» հավաքեինք մի գնացքի մեջ եւ ուղարկեինք հեռու մի երկիր: