Հորինվածքում ապրած հերոսներ

Հորինվածքում ապրած հերոսներ
Երեկ անձրեւն էլ փակեց տոնի տեսադաշտը:



 



Ուզում էի դուրս գալ, պտտվել քաղաքով, մտածում էի՝ հոդվածիս համար հետաքրքիր միջոցառումների կհանդիպեմ, կզրուցեմ մարդկանց հետ, նրանց կհարցնեմ պետության, ընդհանրապես ու մասնավորապես պետականության գաղափարի, մեր հաղթանակների ու անկումների պատմությունից: Մեզ մոտ՝ մի ամսական երեխայից սկսած մինչեւ իննսունամյա ծերունին խոսելու կարիք ունեն` ասելիք ամեն ինչի շուրջ, մենակ ազատ ժամանակ, մի քիչ էլ համբերություն, ու հնարավոր է դուք լսեք գաղափարներ, կարծիքներ, որ ոչ մի փիլիսոփայական ու քաղաքական երկի մեջ չեք հանդիպել: Բայց անձրեւը համը հանեց: Չթողեց հոդվածիս համար հերոսներ գտնեմ:



 



Միլլերը մի տեղ ասում էր, որ հերոսների ժամանակն անցել է, որ հերոսը հենց ժամանակի բացակայությունն է: Բայց մենք ներկայում հերոսների բացակայության հետ չենք հաշտվել, բայց հաշտվել են այն մտքին, որ ապագայում միանշանակ չենք ունենալու: Մեր գրականության ու պատմության մեջ շատ կան կեղծ հերոսներ`սուտլիկներ, շինծու արկածախնդիրներ: Դրանք ավելի շատ գրական հերոսներ են, ոչ թե պատմական: Քաջ Նազարի պես հերոս մենք դժվար էլ հանդիպենք: Նազարը մեր Դոն Կիխոտն է, մեր տխուր ու խնդալու խիզախ ասպետը: Եվ ո՞վ կասի, թե նրա էշը պակաս ձի է, նրա Ուստիանը պակաս Մերիլին Մոնրո է:



 



Քաջ Նազարը ճշմարիտ հերոս է, որովհետեւ ազնիվ է:



 



«Իսկական» հերոսներ այսօր շատ կան: Ամեն տեղ կարող եք բախվել նրանց: Ունեն հերոսին վայել սպառազինություն, ունեն դեմքի վեհ արտահայտություն, ազգը փրկելու բազմապիսի ծրագրեր, որ ժամանակ առ ժամանակ ներկայացնում են հանրությանը: Ունեն հայրենիքի համար նահատակվելու պատրաստակամություն, զոհասեղանին մատաղ լինելու անձնազոհություն, կարող են հայրենիքի համար օրերով սոված մնալ, ամիսներով ջուր չխմել, ապրել՝ ինչպես ճգնավորը: Կարող են հումոր ունենալ, հեգնանք, վնասազերծել չարին, անարդար լինելու չափ արդարացի լինել, ինքնախարազանվել, ինքնահրկիզվել, ինքնապատառոտվել, բայց մեկն է չի ստացվում: Մեկ է, նման հերոսների կողքին նորից փայլփլում է անմահ Նազարը, փայլփլում է նրա պարզությունը, նրա անկեղծությունը: Որովհետեւ Նազարը փորձ չի անում ազգ փրկել, նա նախեւառաջ ինքնափրկության ճանապարհին է, բայց առանց խաբելու, առանց սեթեւեթանքների` իրականությունը վերածելով հորինվածքի:



 



Հիմա հակառակն է:



 



Ժողովրդին համարյա ծայրագույն վիճակի հասցրած ղեկավարները հորինվածքը վերածել են իրականության: Հորինել են սեփական իրականությունն ու հավատացրել մարդկանց, որ ոչինչ չի փոխվելու, որ իշխանությունը չի գնալու, որ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն պարզապես անհնար է, որ մենք մեր ձայներն ինչպես առաջ էինք վաճառում, այդպես էլ չորս տարի հետո ենք վաճառելու, որ մենք չար ենք, անհանդուրժող, հավաքական չենք, որ չենք կարողանում ոտքի կանգնել, միանալ ու ավարտել անօրինությունը: Որ մենք Մովսես Խորենացուց սկսած նույնն ենք, որ նրա «Ողբն» ամենաարդիական գործն է, որ մեր եկեղեցին, «ինչքան էլ ժողովրդին սիրի», մեկ է՝ ընտրում է պետությունն ու նրա գլխավոր հրամանատարին, որ Ռուսաստանը մեր բարեկամն է ու մեր թշնամին, որ մենք ընդամենը մի թշնամի ունենք՝ «ներքին» թշնամի, որին պիտի հաղթենք, որ մենք պիտի համակերպվենք, որովհետեւ Արցախի հարց ունենք, որ ինչպես երկու տարի առաջ Ազգային ժողովում լուրջ կուլ տված ասացին մի քանի պատգամավորներ` «Մենք հասկանում ենք ինչ ա գիրքը, դրա կարեւորությունը, ընթերցանությունը եւ այլն, բայց դուք էլ հասկացեք՝ ՄԵՆՔ ԲԱՆԱԳ ենք պահում»:



 



Մեր իշխանությունն իր հորինվածքում հավատացրեց մեզ, որ մերը բանակ չի, այլ մսաղաց: Նոր ծնված տղաների հայրիկներին ու մայրիկներին անվերջ տագնապ պարգեւեց, ու նրանք իրենց նորածին մանուկների համար սկսել են բանակից ազատվելու տարբերակներ մտածել: Նրանք իրենց հորինվածքում հավատացրին, որ մենք չենք կարող, մենք ունակ չենք, մենք առավոտյան պիտի դուրս գանք աշխատանքի ու երեկոյան տուն գանք աշխատանքից, եւ այդպես շարունակ, մինչեւ կգա մեր մեռնելու ժամանակը: Իշխանությունն իր հորինվածքում հավատացրեց մեզ իր գոյության ու մեր բացակայության իրողությունը:



 



Իսկ սնկի պես աճող նոր հերոսներն անդադար փրկության ծրագրեր են մշակում:



 



Ասեղնահարում են համացանցն ու մամուլը:



 



Խանդավառությունից ու սեփական անձի կարեւորությունից շարժում են պոչերն ու դուրս գցում լեզուները:



 



Նրանք ընկել են իշխանության հորինվածքի որոգայթը, որտեղ ճանճին հավատացնում են, որ ինքը Հուլիոս Կեսարն է, հետո, երբ ճանճն սպառում է իր հյութերը, նրան հավատացնում են, որ ինքը պարզապես չի եղել: