Առաջին հերթին լիդերն իրեն «ժերտվա» պիտի տա

Առաջին հերթին լիդերն իրեն «ժերտվա» պիտի տա
Հարցազրույց դերասան Լեւոն Հարությունյանի հետ



 



 



-Պարոն Հարությունյան, որպես դերասան, որպես մարդ, ով ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում, այսօր մեր երկրում ամենագլխավորը ո՞րն է Ձեզ համար:



 



- Ամենավերջին խնդիրը, որ ինձ հանգիստ չի տալիս, երկիրը դատարկվելու խնդիրն է: Վերջին շրջանում անընդհատ դուրս եմ գալիս հանրապետությունից ու տեսնում եմ, թե սահմաններում ինչ է կատարվում, իսկ դա ահռելի մարդկանց քանակ է, որ գնում է երկրից ընդմիշտ: Մենք վաղը մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ մարդկանց հետ բերելու հարցում: Իմ մոտ արդեն այնպիսի վիճակ է, որ էլ չեմ ուզում մշակույթից խոսել, դա էլ է իմաստազրկվում, որովհետեւ մշակույթ կա այն ժամանակ, երբ կա հանդիսատես, իսկ այսօր իմ հանդիսատեսը գնում է: Ես այսօր ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ համար եմ աշխատում, եւ արածս ո՞վ պիտի գնահատի, թե՞ մայիսի 28-ին պիտի կոչում տան…. նախապես ասում եմ, որ կոչում ինձ պետք չի, զզվում եմ բոլոր կոչումներից ու կյանքում չեմ ընդունում ոչ մի կոչում, որովհետեւ այդ ամենն այնքան սուտ է…:



 



- Այսինքն, եթե Ձեր արած գործը գնահատեն էլ ու կոչում տան, հրաժարվելո՞ւ եք:



 



- Երբ ես իմ կատարած աշխատանքը նայում եմ, տեսնում եմ, որ ոչ մի բան էլ չեմ արել իմ ասպարեզում, ու երբ հետ եմ նայում, ասում եմ՝ լավ, ինչի՞ համար: Այսօր ամեն ինչն է կորցրել իր իմաստը: Հիմա պետք է ոչ թե մշակույթից խոսել, այլ երկիրը շողուլի բերել: Ասացվածք կա. «Ձուկը գլխից է հոտում»: Այդ խոսքը երկար ժամանակ է՝ ինձ հանգիստ չի տալիս, որովհետեւ մեր ձուկը վաղուց արդեն գլխից հոտել է: Այդ հոտած տեղերը պետք է մաքրել ու այս պետությունը շուտ շողուլի բերել, ազգս, իրանց լեզվով ասեմ՝ արդեն «վարի» է գնում: Ես ամեն անգամ քաղաք դուրս գալուց այդ էներգիան զգում եմ: Մենք չինացի չենք, ու դրա համար, երբ մի հայ էլ գնում է, իմ ու քո վրա երեւում է: Այսօր ամենամեծ խնդիրն արտագաղթն է ու ես ուզում եմ հասկանալ, թե վերեւում նստած «մեծություններն» ինչ են մտածում դրա մասին, ինչ են ձեռնարկում, ո՞րն է իրենց կռիվը, կամ ո՞ւմ առաջ պիտի պատասխան տան վաղը: Գոնե մտածեն, որ իրենց փոխարեն վաղը իրենց գենետիկան, իրենց շարունակողն է պատասխան տալու, պապերի խնդիր կա վերջապես, թող մի քիչ զգույշ լինեն ու  կինտոյի հոգեբանությամբ չաշխատեն, թոռներդ ինչի՞ պիտի հետո քո համար պատասխան տան: Սա է ամենամեծ խնդիրը, ու ինձ համար շատ զզվելի է դարձել այս ամեն ինչը:



 



Էն, որ մեջս կռիվ կա, բայց կողքից անընդհատ ասում են, որ դե լավ, ի՞նչ գործ ունես, բայց մի օր մեկը գործ պիտի ունենա՞, թե՞ չէ: Հա, հասկանում եմ, որ էս երկրում, երբ ճշմարտությունն ասում ես, վաղը, մյուս օրը պիտի պրոբլեմներ ունենաս, որովհետեւ սա էս երկրի ձեռագիրն է, իրանք էդպես են վերացնում պրոբլեմը ու այսօր ազգս հենց էդպես վերացնում են: Մի օր եթե թուրքն ուզենա գրավել էս ամեն ինչը, կարող է 25 միլիոն թուրքից 5 միլիոնին ուղարկել Հայաստան ու ընդամենը ասի` ոչ մի բան մի արեք, ուղղակի քայլեք…. իսկ մենք այսօր տեղ ենք տալիս, որ իրանք վաղը, մյուս օրը իմ ու քո հողի վրա նորմալ քայլելու տեղ ունենան: Էս երկրում պետք է ամեն ինչ շատ շուտ փոխել, էս երկրի ամենամեծ պրոբլեմն էլ այն է, որ 98 տոկոսը՝ ոչ մեկն իր տեղում չէ, այսօր մեզ նորմալ լիդեր է պետք, որ մարդկանց հույսն ու հավատը վերականգնի, ուրիշ ճանապարհ չկա:



 



- Ասացիք, որ երկիրը պետք է շողուլի բերել, ու թերեւս մարդկանց մեծ մասն էլ փոփոխությունների հույսը կապում էր ընտրությունների հետ, բայց մի տարվա մեջ եղած 3 ընտրություններից հետո մարդկանց հուսահատությունն ու հիասթափությունն ավելի խորացան, էլ չհաշվենք սրված սոցիալական խնդիրները: Այսքանից հետո ինչպե՞ս եք տեսնում երկիրը շողուլի բերելու ճանապարհը, եթե անգամ ընտրություններից հետո ոչինչ դեպի լավը չփոխվեց:



 



- Ես ընտրությունից ընտրություն զզվում եմ ինքս ինձնից, թող ազգս ինձ ների` զզվում եմ նաեւ երկրիցս, որովհետեւ չեմ կարողանում հասկանալ՝ ոնց կարելի է այդպես սուտ խոսալ: Իսկ շողուլի բերելու 3 ուղի կա, կառավարության պիտի գան մարդիկ, ովքեր ուզում են այս երկրի համար ինչ-որ բան անել, ովքեր ուզենան մնալ պատմության մեջ, ու գոնե 20-25 տարի հետո այս քաղաքում իրենց անունով փողոց բացվի: Ճանապարհը դա է` սարքել օրենքով երկիր, որ օրենքը հավասար լինի նախագահից սկսած, չգիտեմ ումից վերջացրած, հավասար լինի չգիտեմ ում էրեխեքից սկսած, իմ էրեխուց վերջացրած, ու այդ օրենքը գործի բոլորի համար: Ես եկել եմ նրան, որ մարդկանց պետք է պատժել, անգամ կախել, ուրիշ տարբերակ չունենք, արդեն ժամանակն է, որ նման բան անենք, բոլորը հղփացել, լպիրշացել են, ու արդեն պատժելու, պատասխանատվության ենթարկելու շրջանն է եկել: Դա էլ եթե չարեցինք, ժամանակն է դուռը փակել ու նորմալ կոպեկներով ծախել, որովհետեւ ամեն ինչ ծախված է արդեն:



 



Ախր ցավն այն է, որ ճանապարհը բոլորը գիտեն, ուղղակի ես ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ ահռելի սարսափ է, որ չեն թողնում մի նորմալ լիդեր մտնի էս երկիր ու ուզենա այս երկիրը կառավարել: Գիտեմ, որ գլուխը կուտեն վաղը, մյուս օրը, հարցը դրանում չի, բայց դա մի օր պիտի լինի, չէ՞: Ես այդ հարցն անընդհատ ինձ տալիս եմ ու հետո հասկանում, որ երեւի ինչ-որ մեկին ձեռ է տալիս, եթե մինչեւ հիմա երկիրը չի սարքել: Բայց չեն հասկանում, որ հայրենիք են կորցնելու շուտով: Եթե հայը առաջ՝ 91-93 թթ.-ին երկրից գնում էր, որ փող աշխատեր-բերեր հայրական տունը սարքեր, այսօր հայրական տունը ծախում է, որ ընդհանրապես երկրից գնա: Ոնց անենք, որ փոխե՞նք. այնքան պարզ է, որ չեմ ուզում խոսեմ, կարեւորը՝ երկրի տերերը շատ լավ գիտեն ոնց անեն:



 



- Խոսեցիք լիդերի մասին, ու թվում է, թե նախագահական ընտրություններին հայտնվել էր այդ լիդերը, բայց չթողեցին, չէ՞, ու այդ լիդերությունն էլ վերցրին ձեռքից:



 



- Երբ լիդեր ես եւ ուզում ես ինչ-որ բան անել, ո՞նց կարան չթողնեն, կան տարբեր ճանապարհներ: Եկել է արդեն «ժերտվա» տալու ժամանակը, ուրիշ տարբերակ չունենք, որովհետեւ իրենք մեխանիկորեն ամեն ինչ բերին-հասցրին նրան, որ ստիպված մենք «ժերտվաներ» պիտի տանք: Ով պատրաստ է «ժերտվա» տալ, ուրեմն պետք է գնա մինչեւ վերջ:



 



- Բայց բոլորի աչքի առաջ դեռ Մարտի 1-ի զոհերն են, որոնց արյունն անգամ ոչինչ չփոխեց, այսինքն՝ ոչ զոհեր տալով է մի բան փոխվում, ոչ էլ սահմանադրական ճանապարհով, որովհետեւ ցանկացած դեպքում իշխող ուժը չի զիջում:



 



- Ես նկատի չունեմ ժողովրդին «ժերտվա» տալ, այլ նրան, ով եկել է լիդեր: Երբ ուզում ես դառնալ լիդեր, բայց ընդամենը մի ամիս հետո պետք է վախենաս, ավելի լավ է չգաս: Առաջին հերթին լիդերն ինքն իրեն «ժերտվա» պիտի տա, իսկ թե հետո իրան ով կշարունակի, դա հետո թող ժողովուրդը որոշի: Իմ տարբերակները մի քիչ դաժան են… իմ տարբերակը կոնկրետ կռիվ ա, ես եկել-հասել եմ նրան, որ ուրիշ ճանապարհ չկա, քաղաքակիրթ ձեւով չհասկացան, քանի որ մեր «վերեւները» քաղաքակիրթ հասկացողությունը չունեն: Եկեք մի հատ նայենք, թե մեզ ովքեր են ղեկավարում, գոնե «Գանձերի կղզին» կարդացե՞լ են, կամ իրենց վերջին կարդացած գիրքը ո՞րն է եղել: Իրանք ավելի շատ գիտեն՝ ում երբ հանեցին, ում կդնեն որ պաշտոնի, բայց լավ կլիներ՝ էդպես իմանային հայոց պատմությունը կամ գոնե մշակույթի մասին սկսեին մտածել:



 



Այսօր Հայաստանը դրսին հետաքրքիր է իր ազգայինով, բայց ազգայինի հերն էլ անիծել են: Ազգի համար պետք է ստեղծել դաշտ, էս ո՞ւր բերեցին մեզ հասցրին… չեմ ուզում երկրիս մեջ բարեգործները շատանան, պետք չի ոչ մեկի տան հարցը լուծել, երկրի վիճակը կարգավորեք, էդ մարդուն գործով ապահովեք, ինքն իր տունն էլ կսարքի ու չի գա քո ձեռին նայի: Հային դարձրին կինտո, ո՞նց կարա նման բան լինի, օգնել պետք չի, որովհետեւ ինչքան օգնում ես, էնքան թուլացնում ես, դու տուր հնարավորություն, հակառակ դեպքում մարդիկ սկսում են սովորել էդ օգնությանը, դա էլ փչացնելու մի ձեւ է: Հետաքրքիր է՝ մեր պետական այրերը, նախագահից սկսած, գոնե մի անգամ գնացե՞լ են գյուղեր: Հին ադաթով թող մի անգամ թագավորն իր հին շորերը հագնի ու գնա ժողովրդի մեջ, տեսնի, թե մարդիկ ինչ են խոսում իր մասին, թող գնա Սադախլոյի սահմանը, գնա օդանավակայան ու մի հատ ժողովրդի հետ խոսա, նորմալ, սրտացավ դեմքով հարցնի` ո՞ւր ես գնում, ցավդ տանեմ, ու երբ գոնե մի գնացող հայի ինքը վերադարձնի, ես իրա ճակատը կպաչեմ: Ասֆալտ պետք չի անել, մթնոլորտ ստեղծեք, որտեղ կա սեր ու հավատ: Այսօր իմ հավատն են ջարդել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Վրաստանը սարքեցինք-տվեցինք վրացիներին, Բաքուն սարքեցինք-տվեցինք բաքվեցիներին, շինարար, սարքող ազգ ենք, ո՞նց կարաս էս ազգին դու սենց ջարդես: Իշխան ձուկ, ջերմուկ, վերջի «վարիանտ» սատանի եղունգ ծախելով՝ երկիր չես պահի:



 



Ամենամեծ ապրանքը, որ կարաս ծախես երկրից դուրս, դա հայն է ու հայի ուղեղը: Այսօր գիտության, կրթության, մշակույթի մաման լացացրել են, իսկ այդ երեք ոլորտները բերում է սերնդի ոչնչացմանը: Այսօր անցնում է չկրթվածների խոսքը, իրանք էստեղ ամեն ինչ անում են, որ իրենց կարիերան ավարտեն դրսում ու մնան էնտեղ: Այս ամերիկյան, ֆրանսիական համալսարանները գիտեք հենց էնպե՞ս են բացվել, հայիդ լավ սերուցքը քաշում-տանում, քամում են էնտեղ մինչեւ վերջ: Բայց երբ դու քեզնից արժեք ես ներկայացնում, երբ երկրիդ գլխին նորմալ ղեկավար է, արդեն մեծ երկիրն է քո հետ հաշվի նստում: Դա է խնդիրը, ուղղակի ես ազգիս վրա եմ զարմանում. եթե բոլորը գիտեն դրա մասին, ու ամեն ինչ այդքան պարզ դրված է դեմդ, ինչի՞ն ես սպասում, բեր, էդ անողին կանգնացրու հրապարակ, հարցերդ տուր, եթե հարցերիդ պատասխանը չես ստանա, դու քո ձեռով հանի, ռադ արա, իսկ եթե տեղը թափուր եղավ, մենք այնքան փորձ ունենք, նորմալ լիդեր կկարողանանք ընտրել:



 



Շարունակելի