Բնապահպանության նախարարությունն ընդդեմ Մարցի բնակիչների (տեսանյութ)

Բնապահպանության նախարարությունն ընդդեմ Մարցի բնակիչների (տեսանյութ)
Բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, բիզնեսը եւ Մարցի գյուղապետ  Ռոբերտ Գալստյանը միավորվել են հանուն «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման:



 



«Էկոլուրը» տեղեկացնում է, որ օրերս Բնապահպանության նախարարությունից 8 հոգանոց աշխատանքային խումբը ժամանել է Մարց գյուղ եւ բնակիչներին փորձել համոզել, որ  «Մարցէներջի» ՍՊԸ-ի կողմից «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցումը վնաս չի տա, եւ բոլոր թույլտվությունները կան: Մարցի գյուղապետ  Ռոբերտ Գալստյանը ասել է, որ աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ: «Առաջարկ եղավ, որ թեկուզ մի տոկոս փայատեր լինենք, բնակչությունն ասին հա»,- ասաց գյուղապետ Ռոբերտ Գալստյանը: Սակայն ի տարբերություն գյուղապետի, Մարցի բնակիչները միանգամայն այլ բան են ասում:



«Ոչ մի առաջարկ չենք ընդունում…Ստեղ երկու կարծիք չի լինում, ընդհանրապես դեմ ենք ու վերջ….Ընդամենը եկել էին մեզ համոզելու, որ կառուցեն եւ պայմանները թելադրեն իրենց  …Սաղս էլ դեմ ենք, տալող էլ չի: Տրուբեքը ոնց որ ջուրն ածինք, էդ իրանց էլ հետը ջուրը կածենք…5 կմ-ը վերեւն է ցամաքացրած, 7 կմ` ներքեւը, մնում է այս արանքի 4 կմ-ը գետի վրա: Այդ 4 կմ-ն էլ թողեք մեր հողերի վրա…»,- ասել են Մարցի բնակիչները:



Գյուղապետ Ռոբերտ Գալստյանը ստորագրել է «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների արձանագրության տակ, որը չի արտացոլում Մարցի բնակիչների արտահայտած կարծիքը: Իսկ բնակիչները Բնապահպաննության նախարարությանն ուղղված իրենց բողոք նամակի տակ հավաքել են 280 ստորագրություն: Նրանք վստահ են, որ ` վնասը հսկայական է լինելու արոտավայրերի, մարգագետինների եւ հանգստի գոտիների համար: «Գետը մեր գլխավոր սանիտարն է: Այն տանում է եւ գյուղը մաքրում է թափոններից: Իսկ եթե փոքր ՀԷԿ կառուցեն, ապա սանիտարական վիճակը կվատանա, դա բոլորը գիտեն»,- ասել է գյուղի մի բնակիչ: