Ազնիվ Հրաչյա

Ազնիվ Հրաչյա
Հրաչյա (Մինասյան Ազնիվ Գրիգորի) (1853, Կ. Պոլիս - 20.5.1919, Դիլիջան), դերասանուհի: Բեմական առաջին քայլերն արել է 1869-ին, Կոստանդնուպոլսի Արեւելյան թատրոնում՝ ռեժիսոր եւ դերասան Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ:



 



Հրաչյան նրան համարել է իր «մեծ ուսուցիչը»: Դերասանուհուն «Հրաչյա» անվանել է նրա մշտական խաղընկերը` Պետրոս Ադամյանը: Հրաչյան միաժամանակ հանդես է եկել Արեւելյան թատրոնում եւ Հակոբ Վարդովյանի «Օսմանիե» թատերախմբում: Խաղացել է պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալական եւ ֆրանսիական մելոդրամաներում (Թեոդոր Բարյերի «Փարիզի աղքատները», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա» եւ այլն):



 



Բեմական գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկական խաղացանկին, Հրաչյան հակվել է դեպի ռեալիզմը, որն ավելի արմատավորվել է 1880-ական թվականներին՝ Թիֆլիսի հայկական թատերախմբում: Այդ շրջանի դերերից են Ռուզանը (Մուրացանի «Ռուզան»), Նատալյան (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»), Ժաննա դ’Արկը (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիան (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյան (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Մարգարիտ Գոթիեն (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես») եւ այլն:



 



Հրաչյան 1883-ին թողել է բեմը, 1893-94 թթ. կրկին խաղացել Թիֆլիսի հայկական թատերախմբում, 1890-1900-ական թվականներին՝ Բաքվի հայկական թատրոնում: Վերջնականապես հրաժարվելով դերասանական խաղի մելոդրամային ոճից՝ զգալիորեն հակվել է դեպի հոգեբանական թատրոնը:



 



Ժամանակի մամուլը Հրաչյային համեմատել է իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ: Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» գրքում բարձր է գնահատել Հրաչյայի արվեստը, մասնավորապես նրա խոսքի մշակույթը:



 



Հրաչյան գրել է «Իմ հիշողություններս» (1909թ.) գիրքը: Ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է Դիլիջան, որտեղ էլ մահացել է:



 



Նյութերը մեզ տրամադրում է մեր գործընկեր` Գրականության եւ արվեստի թանգարանը:



 



Լուսանկարը` «Հրապարակի»