Նոր նախագիծ` երաժշտասեր լսարանի համար

Նոր նախագիծ` երաժշտասեր լսարանի համար
«Արս լունգա» դուետի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը:



 



Նախաձեռնության իրականացման գաղափարը  «Արս լունգա» դուետինն է (Արամ Թալալյան եւ Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի շնորհանդեսն իրականացվել է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառման շրջանակում:



 



Ծրագիրը ներառում է 20-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը ներկայացնող հայ ակադեմիական երաժշտական մտքի լայն սպեկտոր, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ: «Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների  թավջութակի եւ դաշնամուրի   համար  գրված  ստեղծագործությունները, դրանք կատարվել եւ ձայնագրվել են ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկ:



 



«Հոգեւոր ժառանգությունը բաց մատյան չէ, եւ հնարավոր չէ այն մեկ ակնթարթում ներկայացնել աշխարհին: Խելացի է այն ազգը, որին հաջողվում է դա անել իմաստուն ձեւով եւ չփոշիացնել դարերի ձեռքբերումը: Այդ առումով չափազանց կարեւոր են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք մեկնաբանում են մեր անցյալը եւ ստեղծում են ապագան»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների  գրադարաններին, երաժշտական փառատոններին, երաժշտական քոլեջներին եւ ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:



 



«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ եւ այլն:



 



Շնորհանդեսի վերջում «Արս լունգա» դուետը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերայով: