Արվեստի եռօրյա ակադեմիա Ծաղկաձորում

Արվեստի եռօրյա ակադեմիա Ծաղկաձորում
Cultural.am մշակութային կայքը, ՀՀ սպորտի եւ   երիտասարդության նախարարության աջակցությամբ հուլիսի 8-10-ը Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանն անցկացրեց արվեստի եռօրյա ակադեմիա՝ պատանի,  երիտասարդ գրողների, կոմպոզիտորների,  նկարիչների համար: Մինչ այդ ընտրվել էին մասնակիցներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ), որոնք տարբեր հանձնարարություններ էին ստացել վարպետության դասերն անցկացնող ուսուցիչների կողմից, օրինակ՝ գրողները դասերի ընթացքում պիտի ներկայացնեին նոր գործեր, ըստ  հռոմեացի պոետ Վիրգիլիուսի մի քանի բանաստեղծությունների:



Վարպետության դասերի հեղինակներն էին. նկարչություն՝ Լեւոն Ֆլջյան, գրականություն՝ Արամ Պաչյան,  երաժշտություն՝ Արամ Հովհաննիսյան: Արվեստի եռօրյա ակադեմիայի մասնակից գրող Ռուզաննա Ոսկանյանը, ամփոփելով միջոցառումը, ասում է. «Պատրաստ լինել լսել դիմացինին,  սպունգի պես կլանել ռացիոնալ,  իռացիոնալ այն պաշարը, որ նա ունի, կարողանալ գնալ փորձարկումների. ահա ինչ տվեց ինձ եռօրյա ակադեմիան»:



Լեւոն Ֆլջյանը նույնպես խոսեց մշակութային դաշտում շփումների փորձի փոխանակման կարորության մասին. «Ակադեմիայի ընթացքում նկարիչները ստեղծագործում էին մի քանի թեմաների շուրջ՝ քաղաք, մշակույթ, քաղաքացի: Բոլոր մասնակիցները, որոնք գործեցին անհատական մտածողության շրջանակում, հնարավորություն ունեցան շփվել միմյանց հետ, կիսվել մտքերով: Ընտրված թեմաները միտում ունեին նաեւ արտացոլելու ժամանակակից արվեստագետի քաղաքացիական դիրքորոշումը: Այս ամենը, հուսով եմ, կնպաստի նկարիչ-քաղաքացի անհատի ձեւավորմանը»:



Այսօր, ժամը 20:15-ին Նարեկացի արվեստի միությունում համերգ-ցուցահանդեսով կավարտվի Արվեստի եռօրյա ակադեմիան, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն նոր ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված են նկարների ցուցահանդես, գրական ընթերցումներ, ակադեմիական երաժշտություն: