Պերճ Պռոշյանը նաև լուսանկարիչ էր ու ածխավաճառ

Պերճ Պռոշյանը նաև լուսանկարիչ էր ու ածխավաճառ

Հանրահայտ փաստ է, որ բազմաթիվ նշանավոր մարդիկ ու մտածողներ, իրենց բուն զբաղմունքից բացի, նաեւ այլ հետաքրքրություններ ու զբաղմունքներ են ունեցել:





Հայ ճանաչված գրող Պերճ Պռոշյանն այս իմաստով եւս բացառություն չէ: Այսօր քչերը գիտեն, որ նշանավոր վիպասանը եղել է Արեւելյան Հայաստանի առաջին լուսանկարիչներից մեկը 1860-ականներին: Պատմում են, որ լուսանկարելու արվեստի այբուբենը նրան սովորեցրել է թիֆլիսեցի մի հոգեւորական` այն մտադրությամբ, որ կհաջողվի երիտասարդ գրողի հետ մեկտեղ լուսանկարել հայկական պատմական հուշարձաններն ու արձանագրությունները: Ու թեեւ նրանց մեծ ծրագիրը ձախողվում է, սակայն Պռոշյանը շարունակում է հմտանալ այդ ոլորտում` մտադրվելով այն գործածել «կոմերցիոն» նպատակներով: Նա նույնիսկ լուսանկարչական սալոն է բացում` իր գործերի վրա հպարտորեն դրոշմելով «Պերճ Աշտարակեցի» ապրանքանշանը: Պռոշյանից ժառանգված ոչ մեծ թվով լուսանկարները հիմնականում դիմանկարներ են: Ըստ տեղեկությունների, 1870-ականների կեսերին նա մի կողմ է դնում իր թանկարժեք սարքը` լիովին նվիրվելով գրականությանը: Սրա հետ մեկտեղ, Պռոշյանը նաեւ ուժերն է փորձել առեւտրի բնագավառում: Մասնավորապես, նա զբաղվել է ածխի վաճառքով: Տեղեկություններ կան այն մասին, որ Երեւանի հայտնի Ղանթարի շուկայում գրողն ունեցել է իր խանութը: Սակայն այստեղ էլ բախտը Պռոշյանին չի ժպտացել: Ասում են, որ, իբր, մի օր ինչ-որ չարագործներ նրա կրպակը հրկիզել են: Հատկանշական է, որ 1907 թ. Հովհաննես Թումանյանը Պերճ Պռոշյանի մահվան առիթով գրված հոդվածում անդրադարձել է նրա այդ զբաղմունքներին` նշելով. «…Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին. մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել եւ տեսել է օգուտ չի անում, թողել է։ Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր։ Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որեւէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում։ Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք։ Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ ե՛ւ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, ե՛ւ թոշակ ուներ, ե՛ւ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց։ Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած»: Իսկ ահա Շիրվանզադեն իր հուշերում հետեւյալ դրվագն է պատմում Պռոշյան-լուսանկարչի կյանքից. «Մի ժամանակ Պռոշյանը Երեւանում ածխավաճառ էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետեւյալը: Ռուս-թուրքական պատերազմին 1876 թ. մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ: - Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,- հարցնում է Պռոշյանը: - Առանձին-առանձին: Պռոշյանը, տեսնելով, որ այդքան մարդկանց լուսանկարները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության: Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին եւ ասում է. - Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն: Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, եւ Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է. - Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ: - Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամեն մեկը: Զինվորները հեռանում են գոհ սրտով: Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում»: Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը «Հրապարակին» է տրամադրել Պերճ Պռոշյանի լուսանկարչական աշխատանքները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք:  



Հովիկ  ՉԱՐԽՉՅԱՆ