Մոխրագույն Երեւանին լողացնել է պետք

Մոխրագույն Երեւանին լողացնել է պետք

Էս հայկական տուֆ կոչվածը մի ախմախ սովորություն ունի՝ կեղտոտվում է: Մենք էլ մի ուրիշ ախմախ սովորություն ունենք՝ մի բան որ կեղտոտվեց, էլ մաքրել չգիտենք:



Տուֆ մաքրելը թանկ արժե: Մենք էլ չենք մաքրում: Էհ, ավելի հեշտ չէ՞ հեռուստացույցով տուրիզմից խոսելն ու թվաբանական համեմատություններ կատարելը, որոնք ոչ ոք չի հասկանում, հետեւաբար, ինչպես Օ՛Հենրին է գրում «Քելոուեյի ծածկագիրը» երգիծական պատմվածքում, «կարող ենք վստահաբար պնդել՝ առանց առարկության հաջող փորձի ակնկալիքի», որ զբոսաշրջությունն աճում է կամ որ ընդհանրապես գոյություն ունի: Ախր ասվածին հակադարձելու համար ասվածը հասկանալ է պետք, էհ, թվերից երկրում միակ հասկացողն էլ Հրանտ Բագրատյանն է, մենակ ի՞նչ կարող է անել:



Շեղվեցինք: Ասենք թե ես մի ամերիկացի զբոսաշրջիկ եմ: Եկել եմ Հայաստան ու ուր նայում եմ՝ աղբ եմ տեսնում: Աղբ, աղբ, աղբ, քարի փոխարեն՝ աղբ, թփի փոխարեն՝ աղբ, ծառի փոխարեն՝ աղբ: Եկեղեցու փոխարեն՝ ...աղբ: Նախկին տուֆ, որ մրի շերտը բերանին քսել՝ խեղճացած կանգնել է ողորմության սպասող մուրացիկի պես: Իսկ ողորմությունն ուշանում է, ու դեռ հարց է՝ կգա, թե ոչ: Միակ հույսս այն է, որ ամերիկացիները տուֆից գլուխ չեն հանում, ինչպես ես՝ թվերից, ու եկեղեցուն նայելիս ոչ թե պիտի մտածեն, որ սա կառուցվելիս գազարի գույն է ունեցել, այլ թե հենց էդպես՝ սեւ քարով էլ կառուցել են:



Ախր անցել են ցեղասպանության ժամանակները, երբ սիրուն աղջիկների դեմքին մուր են քսել, որ թշնամու աչքից պաշտպանեն: Էդ եկեղեցին մեր հողին է կանգնած, մեր սահմանից ներս, ու թուրքն էլ վնասելու հնարավորություն չունի: Վախենում եմ, որ եկեղեցու հարեւանությամբ կուտակված աղբից դատելով՝ էս անգրագետ ամերիկացիք գլխի ընկնեն կամ գնան «research» անեն ու իմանան, որ էն մի քանի քարը, որ տեղ-տեղ հնացած գազարի գույն է ստացել, այ, հենց դրանք են իսկականը, ու եկեղեցին չալպտուրիկ չէ, կեղտոտ է պարզապես:



Ամբողջ Երեւանը կամ այն, ինչ մնացել է հին Երեւանից, կարող է հուշարձան լինել: Երբ փոքր էի, երեւանյան շենքերին նայելիս մտածում էի՝ ախր ինչո՞ւ են սրան վարդագույն քաղաք կոչել: Մոխրագույն պիտի ասեին: Կամ սրա սիրունը ո՞րն է: Հետո, երբ մի խանութատեր շենքի մի հատվածի մուրը մաքրել էր, հասկացա, որ Երեւանը մի ժամանակ վարդագույն եղել է... Ուղղակի հիմա... լվանալու կարիք ունի: Է՜հ, Երեւան ու Խոր Վիրապ ջան: Հուսով եմ, մի օր կասեմ՝ ձեր բաղնիքն անուշ: Եթե ճակատագիրը չհեգնի ինձ էլ, ձեզ էլ:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ