Խաղաղության իրական պատկերը

Խաղաղության իրական պատկերը

Կար չկար մի թագավոր: Օրերից մի օր նա հրամայում է նկարել այնպիսի մի նկար, որում խաղաղություն եւ ներդաշնակություն պատկերված լինի, եւ որպեսզի ամեն անգամ այդ նկարին նայելով՝ թագավորի սիրտը հանգստանա ու խաղաղվի: Թագավորը շռայլ պարգեւատրում է խոստանում այն նկարչին, որը կգոհացնի իրեն: Շատ ու շատ նկարիչներ են փորձում իրենց բախտը, սակայն` ապարդյուն, նրանք արքային ոչ մի կերպ չեն կարողանում գոհացնել: Ահա մի օր երկու նկար գրավում են քմահաճ թագավորի ուշադրությունը: Նկարներից մեկում պատկերված է լինում հայելու պես պարզ լիճ, որում արտացոլված են բարձր լեռներ, կապույտ երկինք եւ սպիտակ ամպեր: Լճի կողքին դաշտային ծաղիկներ են, ու ծաղիկների վրա՝ գունագեղ թիթեռներ: Ով նայում է այդ կտավին, համոզված ասում է` ահա թե որն է խաղաղության իրական պատկերը:



Երկրորդ նկարում պատկերված են լինում բարձր ու մռայլ լեռներ, դրանց վերեւում՝ մոլեգնած երկինք, հեղեղ ու կայծակ, փրփրած ջրվեժ: Ուշադիր նայելով նկարին, թագավորը ջրվեժի տակ, քարե մի փոքրիկ անկյունում նկատում է թռչնի բույն: Չնայած բնության տարերքին, փոքրիկ թռչունը շարունակում է իր ձագերին տեղավորել բնի մեջ: Թագավորն ընտրում է հենց այս նկարը:



 



ՀԳ - Հանգստությունն այնտեղ չէ, որտեղ ամեն ինչ խաղաղ է եւ անաղմուկ: Հանգիստն աղմուկի մեջ սրտի խաղաղությունը պահելն է:



 



Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ