Թույլ տուր ինքդ քեզ՝ լինել երջանիկ

Թույլ տուր ինքդ քեզ՝ լինել երջանիկ

Մի իմաստուն մարդ քայլում էր լայն ճանապարհով: Արեւն այրել էր նրա դեմքը, խանձված մորուքի տակից կարելի էր նկատել թեթեւակի ժպիտ: Այդ ժպիտը չէր թողնում նկատել իմաստունի հոգնածությունը, իսկ առատ հոնքերի տակից երեւում էին երկու փոքրացած, սակայն վառվռուն ու կյանքով լի աչքեր: Մարդը երկար ճանապարհ էր անցել, երբ նրան հարցնում էին, թե ուր է գնում ու ինչ է փնտրում, նա պատասխանում էր. «Ես հիանում եմ աշխարհի գեղեցկությամբ»: Այդպես նա շատ ու շատ վայրեր էր այցելել, ուղղակի, որպեսզի տեսնի տարբեր-տարբեր սարերի գույներ, տարբեր ծառերի, ծաղիկների ձեւեր, տարբեր ազգերի աչքեր, լսել տարբեր լեզուներ: Ու նա գոհ էր: Օրերից մի օր նա տեսնում է մի մարդու, որն իրեն մատնել էր տանջանքների:



- Ինչո՞ւ ես այդպես քեզ տանջում,- հարցնում է իմաստունը:



- Ես իմ երջանկությունը զոհել եմ հանուն իմ երեխաների եւ թոռների: Այդպես է եղել միշտ: Իմ պապերն իրենց երջանկությունը զոհել են հանուն մեզ, հայրս տառապել է հանուն իմ երջանկության, ես տառապելու եմ հանուն իմ որդիների երջանկության:



- Իսկ ձեր ցեղում որեւէ մեկը երջանիկ եղե՞լ է,-հարցնում է իմաստունը:



- Ո՛չ, բայց ես վստահ եմ, որ իմ երեխաներն ու թոռները երջանիկ են լինելու:



- Անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդն արծվին դաս չի կարող տալ: Նախ սովորիր ինքդ երջանիկ լինել: Դա լավագույն օրինակն է, որ դու կարող ես ցույց տալ քո երեխաներին եւ թոռներին,-մեղմ ժպտալով խրատում է իմաստունը:



Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ