Բենամուկ չապրել քաղաքապետարան, նա ապրել մե՛ծ լեռ

Բենամուկ չապրել քաղաքապետարան, նա ապրել մե՛ծ լեռ

Տարոն Մարգարյանն իր կյանքի գնով կարողացավ հասնել նրան, որ կարմիր գծանշումների մեջ կայանած վարորդները չտուգանվեն: Խնդիրը տեղափոխեցին սեպտեմբերի 1: Ի դեպ, ես նկատել եմ, որ Տարոն Մարգարյանը կամաց-կամաց անցնում է այս կարգի այլանդակությունների դեմ պայքարող ակտիվիստների կողմը: Պարզապես սիրուն չի լինի, որ ինքն էլ խառնվի նստացույցին ու ցույց անի քաղաքապետարանի դեմ: Բայց զգացվում է, որ նա հոգով ցուցարարների հետ է: Տեսա՞ք գծատերերին ոնց վառեց: Ամենացնցողն այն էր, որ նա սեփական օրինակով կարգի հրավիրեց այդ ագահ գազաններին: Վերցրեց ու հրաժարվեց իր գծից: Ասաց՝ ես գիծ չունեմ: Դե հիմա թող մեկը, նկատի ունեմ՝ չինովնիկ, վեր կենա ու ասի, որ ինքը գիծ ունի: Խայտառակ կանեն, կտանեն, դռան դեմը խոտ կդնեն: Էլ շատ մի բզբզեք, թե տվյալ գծերն սպասարկող կազմակերպության գրանցման հասցեն համընկնում է Տարոն Մարգարյանի հասցեի հետ: Մարդը յուր աներձագի հետ, ջահել օրերին, մի բան է գրանցել՝ աշխարհը շուռ չեկավ: Այն ժամանակ Տարոնը գիտե՞ր, որ քաղաքապետ է դառնալու: Տարոնը` դեռ մի կողմ, իսկ աներձագը գիտե՞ր, որ դառնալու է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:



Այ, Գալուստ Սահակյանի պարագան լրիվ ուրիշ է: Ինքն անհիշելի ժամանակներից պաշտոնյա է ու մինչեւ իր տան հասցեով գծատեր ընկերություն գրանցելը քաջ գիտեր, որ ինքը պաշտոնյա է, որ իր որդին պաշտոնյա է դառնալու եւ իր թոռը՝ նույնպես: Այսքան բան իմանալով հանդերձ, այսպիսի բա՞ն անել: Անձամբ ես գետինը կմտնեի… Գալուստ Գրիգորիչը սիրում է իր գծով պարծենալ: Ասում է՝ իմ ունեցած գիծը քաղաքական գիծ է: Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ Գրիգորիչի համար հայերենի բոլոր վերջածանցները նույնն են: Քաղաք-ակա՞ն, թե՞ քաղաք-ային գիծ՝ մի հաշիվ է:



Էն էինք ասում՝ Տարոն Մարգարյանի կտրուկ հրաժարիմքը կարող է վարակիչ դառնալ շատերի համար: Մեկ էլ տեսար՝ պարզվի, որ Հայաստանում ոչ ոք գիծ չունի: Մի խեղճ Գագիկ Ծառուկյան գիծ ունի ընդամենը, այն էլ՝ անվճար: Այս գծի ուղեւորներին, քանի դեռ նրանք ավտոբուսի մեջ են, թվում է՝ կոմունիզմի ժամանակներում են ապրում: Բայց մեջները նախանձ մարդիկ էլ կան: Մտածում են՝ բա որ մեզ համար կոմունիզմ է, Ծառուկյանի համա՞ր ինչ կլինի: Էլ չգիտեն, որ Ծառուկյանն իրեն շատ բաներից զրկել՝ ժողովրդի համար գիծ է բացել:



Թեմայից շեղվեցինք: Տարոն Մարգարյանին, ուրեմն, պետք է լրիվ քաշել ակտիվիստների կողմը: Մարդը բոլոր հնարավոր ձեւերով հասկացնում է, որ ինքն էս կողմից է, բայց որոշ ակտիվիստներ հարցերը չորով են դնում՝ Տարոն, դուրս արի, բան ունենք ասելու… Պահ, պահ, պահ… բան ասող տղեն առանց Տարոնի իջնելու էլ կասի: Մեր մարդն է քաղաքապետարանում, ինչո՞ւ են ուզում «պալիտ» անել՝ չգիտեմ: Մենք ենք, չէ՞, ընտրել: Ուրեմն՝ համբերեք: Մարդն էս շոգ օրով ջրապակաս քաղաքում ջրում է ձեզ՝ վա՞տ է: Հովացեք: Ինչո՞ւ եք դիտմամբ պառկում արեւի տակ, որ մի հատ էլ վատ եք զգում: Իսկ թե ինչպիսի ազդեցություն ունի Տարոն Մարգարյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վրա, թույլ տվեք շատ չբարձրաձայնել: Այդ Տարոնի շնորհիվ էր, սիրելի ակտիվիստներ, որ ձեզ ոչ թե ոտութեւ քարկապ գցած բերման են ենթարկում, այլ մարդավարի հրավիրում են ոստիկանություն: Կպել եք Օսիպյանին, թե այդ ո՞ր օրենքով են հրավիրում: Օրենքը ո՞րս է, այ ձեր ցավը տանեմ: Տարոնն է միջնորդել, որ իր քաղաքի ակտիվ բնակիչներին ցեղասպանության չենթարկեն՝ այդքան բան: Ընդունում եք ոստիկանության հրավերը, բաժնում մի հատ սուրճ եք խմում (անվճար, իհարկե), նոր ընկերներ ձեռք բերում ոստիկանների շրջանում ու վերջ՝ նորից կարող եք գալ քաղաքապետարան՝ լողանալու:



Սեպտեմբերի 1-ը հեռու չէ: Նոր ուսումնական տարի, խառը օրեր… Այդ օրերին, հավանաբար, կթարմացվեն կարմիր գծանշումների շուրջ խոսակցությունները: Սեպտեմբերի 1-ից սկսած՝ Տարոն Մարգարյանը մեզ շատ է պետք: Ոչ մի գնով չպետք է թույլ տալ, որ մեր քաղաքը մեզ վրա ծախեն: Բոշություն է, հավատացեք՝ ասֆալտի վրա գիծ քաշել ու փող հավաքելը: Բոշան, որ բոշա է, տվածդ բանի դիմաց մաստակ կամ մաղ է տալիս, ոսկորից սանր, աչքի ուլունք ու նման բաներ: Սրանք ուզում են փողն ասֆալտի վրայից ավել-սավոկով հավաքել: Թույլ չտանք: Էդ բոշեքից մեկն էլ, հրեն, Երեւանի պետական համալսարանում նստած: Անունը՝ Ռեկտոր է: Համալսարանում ուրիշ հավաքարար չկա՝ ինքը պիտի փողերն ավլի: Ուսման վարձերը բարձրացրել է 50-100 հազար դրամով ու իրենից էլ այնքան գոհ է, որ չասած: Ասում է՝ դա էական բարձրացում չէ: Մեր համեստ, մեր խեղճ Տարոն: Ընդամենը 50 դրամ էր բարձրացրել մարդափոխադրման արժեքը, ու խնդրեմ՝ ցույց, միտինգ, ոստիկանություն:  Պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մեջ կհայտնվեն մայր բուհն ու մայր Ռեկտորը, եթե ուսանողությունը մեկեն ընդվզի այդ թանկացումների դեմ: Ի դեպ՝ որոշ կոոպերատիվ համալսարաններ արդեն երախները բաց սպասում են, որ հարմար գներով ուսանողներին իրենցով անեն: Անցյալ օրը ռադիո էի լսում, մեկ էլ գովազդ մտավ՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանն իր մոտ սովորելու է հրավիրում բուհ չընդունված դիմորդներին: Մի բան, որ ռուսական է, վստահ, անպայման «տապոռը» հետն է: Տեսեք՝ բուհն ինչքան չի հարգում իրեն ու իր մակարդակը, որ սովորելու է հրավիրում ուրիշ բուհերից դուրս մնացածներին: Դե ի՞նչ պիտի լինի մի բուհի մակարդակ, որ ռուս-հայկական է` քիչ չէ, դեռ այնտեղ էլ ՀՀ ԱԺ ՀՀԿ ֆրակցիային շիթիլված մի պատգամավոր «Մարտնչող ժուռնալիստիկա» է դասավանդում: Ֆու…



Դարձյալ շեղվեցինք: Էն էինք ուզում ասել, որ ինչպես տրանսպորտի թանկացման, կարմիր գծանշումների դեմ պայքարում մեզ օգնեց Տարոնը, այնպես էլ կօգնի բուհերում ուսման վարձի դեմ պայքարում: Մի զարմացեք: Արմեն Աշոտյանի հետ նրանք լավ հարաբերությունների մեջ են: Ուսման վարձը բարձրացնող բուհերը երեւանյան բուհեր են, իսկ այն ամենը, ինչ Երեւանում է, ուրեմն նաեւ ինչ-որ չափով Տարոնինն է: Եթե Արմեն Աշոտյանը սեպտեմբերին ակտիվանա «Ֆեյսբուքում», իմացեք, որ Տարոնն իր գործն արել է: Կարծում ենք՝ նախ թույլ չի տա, որ բուհերի մերձակայքում կարմիր կետագծեր հայտնվեն: Երկրորդ՝ կքառապատկի այն բուհերի գույքահարկերը, որոնք կփորձեն բարձրացնել ուսման վարձը: Եվ ամենակարեւորը՝ կմիջնորդի, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանին եւ մայր Ռեկտորին ասի՝ սիրուն չի, տղերք, այ, այդպես եք անում, որ ձերի հետ իմ խիարն էլ է թարս աճում:



Մի խոսքով, սիրելի ակտիվիստներ, Տարոնին շատ հուպ մի տվեք: Ինքը մեզ շատ է պետք: Աշնան հետ բողոքի բոլոր միջոցառումները պետք է տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ որքան հնարավոր է Տիգրան Սարգսյանին մոտ: Թող պատասխան տա, թե ումի՞ց է թույլտվություն ստացել գազն ու էլեկտրաէներգիան թանկացնելու համար, թող բացատրի, թե այդ ինչո՞ւ են հարյուրավոր բեռնատարներով ամեն օր վառելափայտ բերում Երեւան, ինչու են հացն ու առաջին անհրաժեշտության սննդամթերքներն օրավուր թանկանում, ինչու աշխատանք չկա, ինչու թոշակները չեն բարձրացվում թանկացումների համեմատ, թե ինչու է պաշտոնյա դառնում պաշտոնյայի երեխան միայն,  ինչու երիտասարդությունն ապագա չի տեսնում, ինչու է արտագաղթից երկիրն այսքան արագ մահանում:



Սա, սիրելի ակտիվիստներ, արդեն 50 դրամ վճարել-չվճարել չէ: 50 դրամ ավել-պակաս վճարելու մեջ չէ մեր դժբախտությունը: Տարոնն իր մեկ ելույթով հետողորմյա արեց այդ 50 դրամը: Նույնը կարող է անել կարմիր կետագծերի հարցում, գուցե կարողանա Արմեն Աշոտյանի հետ բուհերի թանկացումների հարցն էլ լուծել, բայց մյուս հարցերը Տարոնի ձեռնահասության խնդիրներ չեն: Այդ խնդիրների մեղավորներն այլ մարդիկ են, որ քաղաքապետարանում չեն նստում:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ