Մասնավոր դպրոցի չերեւացող թանկ առավելությունները

Մասնավոր դպրոցի չերեւացող թանկ առավելությունները

Այս օրերին դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները մտահոգված են, թե որ դպրոց տանեն իրենց երեխային, որտեղ են պայմաններն ավելի բարվոք եւ կրթությունը` ավելի որակյալ: Այն ծնողները, ովքեր գումարի հետ կապված խնդիրներ չունեն կամ էլ գերզբաղված են, նախընտրում են մասնավոր` վճարովի դպրոցները:



Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 1400 դպրոց, մասնավոր դպրոցների թիվը մոտ 50-ն է: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի նոր մասնավոր դպրոցներ չեն բացվել: Պետական անվճար դպրոցից մասնավոր դպրոցը տարբերվում է այնքանով, որ այնտեղ դասապատրաստում է տեղի ունենում, եւ երեխաները դպրոցում ավելի երկար ժամանակ են անցկացնում: Այստեղ ավելի փոքր դասարաններ են, եւ ենթադրվում է, որ ուսուցիչն ավելի ուշադիր է յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Այլ առավելություն կարծես թե չի նկատվում:



Փորձեցինք Երեւանում գործող մասնավոր դպրոցներից ճշտել, թե ինչ արժե այնտեղ սովորելը, եւ վճարած գումարի դիմաց ինչ պայմաններ ու կրթություն են առաջարկում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Սեբաստիայի փող. 3/7 շենքի 3-րդ եւ 4-րդ հարկերում գործող «Տաթեւ» մասնավոր դպրոցում դասերից հետո գործում է երկարօրյա դպրոց՝ ժամը 9:00- 17:00-ն: Դպրոցի աշխատակից Սիլվարդ Գմբիկյանը տեղեկացրեց, որ իրենցեդպրոցի առաջին դասարանում սովորելու համար հարկավոր է ամսական վճարել 50 հազար դրամ, երկրորդ դասարանում՝ 53, երրորդ դասարանում` 59 հազար: Վարձավճարի մեջ մտնում է երեքանգամյա սնունդը, ուսումնական տարվա ընթացքում նախատեսված գրքերը, ինչպես նաեւ երխաներին տալիս են օրագրեր: «Դպրոցում կարող են սովորել տարրականից մինչեւ ավագ դպրոցի երեխաները, գումարը տատանվում է` կախված դասարանից,- ասաց Գմբիկյանը` հավելելով, որ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 15-ը:- «Տաթեւի» 2-4-րդ դասարանցիները գնում են շախմատի, առաջին դասարանից սկսում են ուսումնասիրել օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, իսկ 4-րդ դասարանից սովորում են նաեւ ֆրանսերեն»: Գմբիկյանը հավելեց, որ տարրական դպրոցում առանց լրացուցիչ վճարի երեխաներն այցելում են պարի դասընթացների, իսկ միջին դպրոցի երեխաները՝ ձիարշավարան:



«Ալմանախ» մասնավոր դպրոցի գները եւս մատչելի չեն: 1-4-րդ դասարաններում սովորելու համար տարեկան հարկավոր է վճարել 400 հազար դրամ, միջին դպրոցում` 450, իսկ ավագ դպրոցում` 500 հազար: «Վարձավճարն իր մեջ ներառում է դասապատրաստում, տնից դպրոցեհետադարձով երթուղային, իսկ 1-2-րդ դասարանների վարձավճարի մեջ մտնում է նաեւ սնունդը»,-ասաց դպրոցի աշխատակցուհի Հասմիկ Մուրադյանը` հավելելով, որ երեխաների հետ անհատական շփում է տեղի ունենում: «Ալմանախը» գտնվում է Միչուրինի փողոցի 36ե հասցեում: Այստեղ երեխաներին օգնում են դասերը պատրաստել եւ առանց որեւէ մեկի աջակցության ինքնուրույն սովորել: «Դպրոցում շարունակվում է ընդունելությունը, ավելի շատ դիմում են տարրական դասարաններում սովորելու համար»,-ասաց աշխատակցուհին: Շենգավիթ վարչական շրջանի Սեւանի փողոցի 132 շենքում տեղակայված «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում կարեւորում են օտար լեզուների ուսուցումը: Կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը տեղեկացրեց, որ գները տատանվում են ամսական 30-50 հազար: Գնային տատանումը կախված է այն բանից, թե երեխան որ դասարան է հաճախում: Գումարը ներառում է սնունդ, տեղափոխում, օտար լեզուների ուսուցում եւ դասապատրաստում: Կրթահամալիրում գործում է նաեւ նախակրթարան:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ