Ինձ տրամադրեք շան անձնագիր

Ինձ տրամադրեք շան անձնագիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին



Մեծարգո նախագահ



Արցախյան պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկ եմ (կկիրառեի` «պետության համար պատերազմում, մարտական գործողությունների ժամանակ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած…» արտահայտությունը, սակայն այսօր փորձում ենք իրավական կարգավիճակ տալ «ազատամարտիկ» հասկացությանը):



2013 թվականի հունիսի 25-ին եւ 27-ին ոստիկանության կողմից բնակարանիս անձեռնմխելիությունը խախտելու, ինձ եւ ընտանիքիս անդամներին վիրավորելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու (կարծես երկրորդ Սումգայիթն էր) փաստի կապակցությամբ դիմել եմ պետությանը` պատկան մարմիններին, օգնության՝ պաշտպանության, արդարության, պատվի եւ արժանապատվության վերականգնման խնդրով, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը հետեւյալն է. ոստիկանները հայտարարում են, թե իրենք նման արարք չեն արել, իսկ քննությունն այս պահին, որպես միակ ապացույց, ինձնից պահանջում է դեպքի տեսանկարահանումը, որը ես, բնականաբար, չունեմ եւ տրամաբանորեն չեմ էլ կարող ունենալ: Կարճ ասած, օգնություն խնդրեցի եւ չստացա:



Ի դեպ, նույն խնդրով ՄԻՊ-ին հասցեագրված դիմումը նույնպես մնացել է անպատասխան: Կա՞ մեկը, ով կասկածում է, որ ՀՀ-ում ոստիկանն այդպիսի արարք է կատարել: Եթե կա, ապա նա Լուսնից է:



Ակնհայտ է, որ «հերոս» ոստիկանները պետության ներկայացուցիչ են, հետեւաբար կատարվածը պետք է դիտարկել, որ ինձ հետ՝ որպես մարդու եւ քաղաքացու, այդ կերպ վարվել է պետությունը: Ենթադրվում է, որ նույն ոստիկանները հանդիսանում են մարդ եւ ՀՀ քաղաքացի: Այս դիտարկմամբ ես չեմ կարող ինձ տեսնել վերջիններիս հետ միեւնույն հարթության վրա: Ասեմ ավելին՝ դա ինձ պատիվ չի բերում, թեկուզ մի պարզ պատճառով, որ ինձ ծնած, սնած, դաստիարակած եւ  հանուն պետության հանձնած (որի արդյունքում հաշմանդամ եմ) մոր առջեւ՝ ոչ ավել ոչ, պակաս, մեր օջախում ինձ մայր են հայհոյում, էլ չեմ անդրադառնում իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ ֆիզիկական բռնությանը…:



Այսպիսով, իմ՝ որպես մարդու եւ քաղաքացու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում չեն ճանաչվում եւ հարգվում: Շանն են աքացի տալիս եւ ասում՝ կսատկացնեմ. քանի որ նշված սպառնալիքը հնչում է պետության կողմից, ուստի խնդրում եմ Ձեր հատուկ հրամանագրով կամ հանձնարարականով ինձ տրամադրել շան անձնագիր: Իմ այս ցանկության իրավաբանորեն իրականացնելը կբերի նրան, որ աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կփայլի աննախադեպ իրավաբանական ու ժողովրդավարական առաջընթացով, ինչպես նաեւ գոնե աշխարհի առաջադեմ պետությունների եւ միջազգային բնապահպանների կողմից կարող եմ ակնկալել անհրաժեշտ օգնություն, ինչի արդյունքում ՀՀ-ում ավելի պաշտպանված կզգամ ինձ, քան ՀՀ-ում՝ Հայաստանի Հանրապետության կողմից` որպես մարդ, ՀՀ քաղաքացի, 2-րդ խմբի հաշմանդամ: Առաջին իսկ պահանջով պարտավորվում եմ ներկայացնել իմ նոր կարգավիճակը հաստատող անձնագրի համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը եւ լուսանկարները:



Եթե վերը նշված խնդրանքս իրականացնելու համար համապատասխան պաշտոնատար անձանց դժվար կլինի գտնել իրավական հիմքեր, պատրաստ եմ համապատասխան պաշտոնատար անձանց իմ իրավացիության տրամաբանությունն ապացուցել եւ օգնել նրանց՝ կատարելու այդ աշխատանքը, ընդհուպ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելը: Իսկ մինչ այդ, եթե, այնուամենայնիվ, այս կամ այն պատճառով ինձ չտրամադրեք շան անձնագիր, ապա խնդրում եմ տրամադրել ինձ «persona non grata» կարգավիճակ, քանի որ ես ընդունելի չեմ պետության համար որպես մարդ եւ քաղաքացի: Սրանով Դուք կօգնեք ինձ իրավական հիմնավորմամբ լքել Հայաստանը, քանի որ հստակ է այն մտավախությունը, որ այս ընթացքով ՀՀ ոստիկանությունը կամ որեւէ իրավապահ մարմին փորձելու է հետապնդել ինձ եւ վտանգել իմ կյանքն ու ֆիզիկական անվտանգությունը:



Խնդրում եմ պաշտոնապես պատասխանել հետեւյալ հարցին. եթե ոստիկանական նշված աշխատակիցներն առաջիկայում օրենքի ամբողջ խստությամբ չպատժվեն կատարած արարքի համար ու չլքեն համակարգը, ապա կարո՞ղ եմ հուսալ, որ մոտ ապագայում Ձեր կողմից ինձ կշնորհվի շան անձնագիր, կամ կստանամ «persona non grata» կարգավիճակ:



Անհրաժեշտ եմ համարում նշել՝ շատ կարեւոր է հետեւել, որ նշված ոստիկանների գործընկերներն իմ նկատմամբ հետագայում բանսարկությամբ վենդետա չիրականացնեն: Որպես վերջաբան, շատ կարեւոր եմ համարում նշել, որ ես ոչինչ չունեմ ՀՀ իշխանության կազմակերպման այսօրվա ձեւի դեմ, եւ եթե որոշված է, որ ոստիկանները կարող են անարգել մարդուն կամ քաղաքացուն ու դրա համար պատասխանատվություն չկրես, ապա թող այդպես էլ լինի: Սակայն զուտ մարդկային առումով կուզեի նշել, որ Սահմանադրությունում եւ այլ իրավական ակտերում հարկավոր է հենց այդպես էլ գրել, որ մարդը եւ քաղաքացին ոչինչ են, եւ կարիք չկա ԶԼՄ-ներով օր ու գիշեր թմբկահարել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով մարդուն եւ քաղաքացուն ընձեռված իրավունքների մասին, սակայն իրականությունն այլ լինի:



 



Արտեմ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



ք. Երեւան,



Գերցենի 14/4