Դեպի Իլյիչովկա

Դեպի Իլյիչովկա

Երեւանի կենտրոնական հրապարակից ապամոնտաժված Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանի ռեստավրացիոն աշխատանքները մոտենում են ավարտին: Առաջիկայում այն կրկին վերջնական եւ ավարտուն տեսք կտա Հայոց մայրաքաղաքի եւ առհասարակ աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկին: Գլուխգործոց-արձանը վերականգնող քանդակագործները նշում են, որ փոքրիկ, բայց էական սրբագրումներ են կատարել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի վերին վերջույթների դիրքի մեջ:



- Եթե հիշում եք,- ասում են նրանք,- Իլյիչին ձախ կողմից նայելիս նրա՝ ուղիղ առաջ մեկնած ցուցամատից տպավորություն էր ստեղծվում, որ նա, ամոթ էլ է ասելը, իր անդամն էր ցուցադրում հրապարակին: ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության օրենսդրական նախաձեռնության համաձայն, ռեստավրացված տարբերակում ցուցամատը կորացրել ենք, ինչից, ճիշտ է, արվեստի այդ գործը մի քիչ թուլացել է, բայց առնվազն հակագեղագիտական զգացողություններ այլեւս չի առաջացնում:



Ասենք, որ այդ բարեփոխումը, անսպասելիորեն, սվիններով է ընդունել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ ոչ թե պետք էր ցուցամատը ծռել ներքեւ, այլ այնպես անել, ասես «Լենինը» ձեռքը մեկնել է բարեւելու: Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնորդի արձանի ռեստավրացիոն աշխատանքների մեծ մասը ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյան հիմնադրամը: Ըստ երեւույթին, դա է պատճառը, որ արձանի չափերը կրկնակի մեծացել են: Ցածրահասակ «Լենինը» վերածվել է իսկական գլադիատորի, իսկ նրա աջ ու ահյակ կողմերում բազմել են երկու կատաղի առյուծներ:



«Լենին պապիի» վերադարձը, որքան էլ զարմանալի է, շատ հանգիստ է ընդունել Լեւոն պապին: Նա Մաքսային միություն մտնելու կապակցությամբ մի թեթեւ քննադատել է Սերժ Սարգսյանին, բայց զգացվում է, որ ներքուստ ուրախ է, որ դրանով եվրաֆյուլեներն ու էշթոններն իրենցն ստացան՝ ժամանակին ՀԱԿ-ին չաջակցելու համար:



Արձանի վերատեղադրման կազմկոմիտեն՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, «Գիշերը Լենինի հետ» ծրագրով հատուկ պահակախմբեր է ձեւավորել, որոնք կհսկեն առաջնորդի գիշերային անվտանգությունը շրջակայքում վխտացող եվրաայլասերված տարրերից: Հետաքրքիր է, որ առաջին գիշերն Իլյիչի հետ կլինեն Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանը: Այդ պատվին նրանք արժանացել են ռուսական մամուլում Արտաշես Մամիկոնիչի բոլշեւիկամետ հոդվածների եւ այդ հոդվածների հայաստանյան ջերմ մեկնաբանությունների շնորհիվ: Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին էր Մամիկոնիչը հորդորում ժամ առաջ հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մասին:



ՀՅԴ-ում տակավին լուր չունեն «Լենինի» վերադարձի մասին: Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենց համար Հայաստանի կողմնորոշման լավն ու վատը պայմանավորված է Ղարաբաղի ճակատագրով: Ղարաբաղը չտանք՝ մնացածը հեչ,- հանրությանն սփոփել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը Նալբանդյանի հետ ունեցած դռնփակ հանդիպումից հետո: Բայց սա դեռ չի նշանակում, որ արձանը տեղադրելուց հետո ՀՅԴ-ն հանդես չի գա օրենսդրական նախաձեռնությամբ՝ այն կրկին ապամոնտաժելու եւ Աթաթուրքի արձանի հարեւանությամբ տեղափոխելու մասին:



Ասում են նաեւ, որ այս կապակցությամբ իրենց երկրորդ երիտասարդությունն են վերագտել հայ կոմունիստները: Ըստ այդ խոսակցությունների՝ առաջիկա նոյեմբերի 7-ին մենք ականատես կլինենք կարգին մոռացված կոմունիստական շքերթին, որի ժամանակ երիտկոմունիստները կտանեն «Լենին-Պուտին-Սարգսյան» կարգախոսը: Այդ շքերթին մասնակցելու է նաեւ ՀՀԿ-ն՝ իր ատրիբուտներով հանդերձ: Երիտհանրապետականները՝ Աշոտյանի, Շարմազանովի եւ, իհարկե, Կարեն Ավագյանի գլխավորությամբ, հրապարակ կմտնեն Ամիրյան փողոցից եւ Լենինի արձանին հասնելուն պես կպարզեն «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: Վերջում ֆանֆառներ, փուչիկներ…



Ֆյուլեին տրաքացնելու ենք:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ