Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին

Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին

Լրատվությունը վերածվել է հարցերի տարափի: Կապ չունի արտահայտվողը քաղաքական գործիչ, գրող, երգիչ  կամ էլ շարքային քաղաքացի է: Բոլորի գրչի ծերին նույն հարցն է՝ ինչու՞: Ինչու մաքսային միություն մտանք, ինչու այս կամ այն հանցագործն ազատվեց, ինչու արտագաղթ է… Եթե գումարենք դրան իշխանության պատասխանատուներին ուղղված ինչուները, ամեն ինչ ամբողջական կլինի: Հայաստանը ինչուների, չպատճառաբանված, չարդարացված ինչուների երկիր է: Հայաստանը անորոշությունների, հանելուկների, անկանխատեսելի երկիր է: Եվ այդ ամենի պատճառն այն է, որ բոլորս հարց տվողներ ենք, բոլորս հարց բարձրացնողներ ենք, ոչ մեկը չունի այն պատասխանը, թե այսպես՝ ինչուների բեռը շալակած,  ու՞ր ենք գնում: Եթե այդ հարցն ուղղվում է իշխող կուսակցությանը, ասվում է՝ գնում ենք Ապահով Հայաստան, եթե ժողովրդին է ուղղվում, ասում է՝ կործանում: Մոռացել ենք, որ ունենք նաև մտավորականներ, ովքեր ըստ իրենց ստամոքսի պարունակության, ուղղություն են ցույց տալիս: Հրանտ Մաթևոսյանի խոսքը նման պայմաններում որոշակի պարզաբանում է մտցնում. « Ես չեմ ուզում անհայտությանը հարցեր ուղղել: Ես վճռականապես համաձայն չեմ այն տեսակետին, որ գրողը պետք է հարցեր տա: Բայց ո՞ւմ հարցնել: Ժամանակի՞ն, հասարակությա՞նը, բարձրյալի՞ն: Ուրի՞շ մեկին: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին: Գրականություն պետք է մտնել պատասխաններով: Պատասխաններով»: Եթե գրականություն պետք է մտնել պատասխաններով, ապա քաղաքականություն պետք է մտնել լրջագույն պատասխաններով: Այսօր մեր քաղաքական դաշտը վերածվել է գուշակությունների, և՛, և՛-ների, կամ՛, կա՛մ-ների, եթե-ների, գուցե-ների սրճային պարագաների: Ոչ մեկը պատասխան չունի, գնում ենք, եթե, իրոք, շարժ նկատվում է, չգիտենք՝ ուր: Ազգի մտավորականությունը  «պակետով չայի պես» հատ-հատ լուծվել են իշխանության թեյի բաժակում և ում խոսցնում, քաղցր տեղից է խոսում՝ լա՜վ է, գո՜լ է, քա՜ղցր է…Հրանտ Մաթևոսյանն ասում է. «Գրողը պետք է հայր լինի: Ամենագետ, ամենատես, ամենազգաց: Թեպետ, լինում է, հասկանում ես՝ արդեն ուժ չունես, չի հերիքում, և դու արդեն ոչինչ չես կարողանում և ուզում ես միայն բղավել, որ վատ ես զգում, որ ցավում է»: Նման դեպքում, հարգելի Հրանտ, պիտի ասեինք՝ Մերուժան Տեր Գուլանյանը կամ Զորի Բալայանը մեր հայրն է, /պապա ունենք, աշխարհը չունի/ ու հավատայինք մեր ասածին: Նման պապաներով ինչպե՞ս կարող է ժողովուրդն ամուր կանգնել իր հողին: Իսկ դու օրինակ ես բերում քո հորեղբորը, որն ուժեղ է.  «Ես, թույլ  քաղաքաբնակ Հրանտ Մաթևոսյանս, խոնարհումի եմ գնում այնպիսի ուժեղ մարդու, ինչպես իմ հորեղբայրը: Ուժեղ, նախաձեռնող: Եռանդը նրա մեջ եռում էր, նա կարող էր ղեկավարել իր ընտանիքը, իր գյուղը, իր երկիրը՝ եթե պետք լիներ: Որովհետև նա ամուր կանգնած էր հողին: Մեր կորած ու մոլորված աշխարհին պետք են նման մարդիկ»: Դա նրանից է, Հրանտ, որ հորեղբայրդ լավ պապա է ունեցել, քո շրջանի մարդիկ պապաներ են ունեցել, այսօր այդ պապան չկա: Չկա բոլորիս ընդհանրացնող, կապող պապան: Մեր պապաները իրենք են իրենց համար պապա փնտրում, որ կու՜շտ լինեն, որ նրա հետ մեր բաժինն ուտեն:



Իսկ երկիրն իրեն համարող,  երկիրը ղեկավարող ցանկացողի ձեռքերը ոլորում ու ճաղավանդակից այն կողմ են շպրտում: Ա՜յ դրա համար է, որ մարդիկ ամուր չեն կանգնած հողին, ու երկիրը դարձել է երերուն: Ա՜յ դրա համար է, որ ինչուների բեռ ենք շալակել, ա՜յ դրա համար է, որ այսքան թույլ ենք: Իսկ մեր թուլությունից երկիրն է թուլանում… Սա պատասխան է արդեն, մի պատասխան, որ օգնեց ինձ գտնելու Հրանտ Մաթևոսյանը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ