ՏԵՍՆԵՍ ՏԱՐՈՆՆ ԻՄԱՑԱ՞Վ, ՈՐ ԲԱԿ ԳԱԼՈՎ, ԱՅՍՕՐ ՄԵԿԻ ՀԱՑԸ ԿՏՐԵՑ

ՏԵՍՆԵՍ ՏԱՐՈՆՆ ԻՄԱՑԱ՞Վ, ՈՐ ԲԱԿ ԳԱԼՈՎ, ԱՅՍՕՐ ՄԵԿԻ ՀԱՑԸ ԿՏՐԵՑ

Տարոնն այսօր Արաբկիրի թաղամաս պիտի գար՝ շրջակա փոքրիկ երկու բակերի բացման կապակցությամբ: Մինչ նրա գալը Արաբկիրի թաղապետարանից եկան, շենքերի տակ ու գլուխն ուսումնասիրեցին, ցուցումներ տվին, որ շենքերի շրջակայքը լպստվի: Ինչ որ գույնզգույն փուչիկներ ամրացվեցին բակի կանաչ- կարմիր ցանցաճաղերից: Շենքի առաջ հավաքվել էին նոր շորեր հագած երեխաներն ու պատրաստ սպասում էին, որ երբ քեռին բակ գա, ասեն՝ բարով ես եկել: Եռագույնն էլ որպես երկրի խորհրդանիշ ամրացրել էին փուչիկների կողքին: Մի խոսքով մայիսի 1-ի զգացողություն էր: Գալուց կես ժամ առաջ տնից դուրս եկա, մի շատ փոքրիկ կրպակ-բուդկա ունենք՝ Սուրիկի բուդկա են ասում, մի երկու բողկ ու գազար գնելու: Շենքի առաջ ակտիվիստ կանայք էին: Մեկն ինձ ներկայացրեց Տարոնին նվիրված երախտիքի խոսքը. «Շնորհակալ ենք, որ ողջ Հանրապետությունը ծաղկեցրել եք… »: Հետո վառվող աչքերով ինձ նայեց՝ ո՞նց է: - Ի՞նչ գործ ունես Հանրապետության հետ,- ասացի,- դու միայն քո բակի անունից քծնիր: Նեղացավ՝ երևի որ իրեն ճիշտ էի հասկացել: Երբ մտա փոքրիկ բուդկա – կրպակը, որը վարձակալությամբ վերցրել էր մի աղքատ ընտանիք, աշխատող տիկնոջը չտեսա: Աչք ածեցի հազիվ ոտատեղ ունեցող բուդկայի ներսը: Մի երկու պարկ կարտոֆիլ, մի արկղ բադրիջան, մի քիչ սոխ, պոմիդոր, մրգերից՝ մի քանի ողկույզ խաղող… Փոքրիկ ու հնադարյան սառնարանի մեջ պահվում էր գազարն ու կանաչին, ինչ ինձ անհրաժեշտ էր: Բուդկայից դուրս եկա ու տեսա, որ ետևի «ժեշտյա կողի վրա» Սոնիկը կախել է գլուխը: Երբ ձեռքս դրի ուսին, գլուխը բարձրացրեց ու տեսա, որ նա լաց է լինում: Ի՞նչ է պատահել,- հարցրի: - Մի երկու կարտոշկա եմ ծախում, մեզ յոլա տանում,-արտասվելով պատմեց նա,- հազար տեղից վրա են տալիս՝ փող ուզում: Հիմա էլ թաղապետարանն է գալիս ու տուգանում: Մի թուղթ մեկնեց՝ թաղապետարանի առաջատար մասնագետ Ռոբերտ Պողոսյան: Գրել էր, որ եթե բուդկայի շրջակայքը Սոնիկը չմաքրի՝ Տարոնի գալու կապակցությամբ, 10-ից 20 հազար ռուբլի կտուգանվի: Սոնիկը շրջակայքը մաքրում էր, բայց առաջատար մասնագետը շրջակա տարածք էր համարում նաև կողքի շենքի օժանդակ բակային տարածքը, որը տվյալ պետական շենքի, թաղապետարանի ենթակայության տակ էր: Հավաքարարի հաստիքը խնայելով, թաղապետարանի համապատասխան աշխատողը թաղապետարանի պարտականությունը բարդում էր մի խեղճ ու կրակի վրա: Պարզվում է, որ տուգանքը առաջին անգամ չի կատարվում: Վաճառողուհին ստիպված օրվա աշխատած փողը տվել էր մի հավաքարարի, որպեսզի մաքրի պետական շենքի օժանդակ տարածքը: Տեսնես Տարոնն իմացա՞վ որ բակ գալով, այսօր մեկի հացը կտրեց:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ