Պատերազմի նախապատրաստությո՞ւն

Պատերազմի նախապատրաստությո՞ւն

ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստի լուսանկարները պատերազմի ահազանգի բոթ էին հիշեցնում, երբ գործադիր մարմնի անդամները, կամուֆլյաժները հագին, կառավարության նիստերի դահլիճում մտահոգ դեմքով ինչ-որ հարց էին անհանգիստ քննարկում: Կառավարության քառատող հաղորդագրությունից ընդամենը հասկացվեց, որ արտահերթ կարգով եւ լրագրողների համար անհասանելի նիստը կառավարության ղեկավարը հրավիրել է ինչ-որ «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, որտեղ «ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ»:



 



Բայց օրվա ընթացքում այդ տագնապը փոխակերպվեց զավեշտի, երբ հայտնվեցին հայրենի նախարարների անհավանական «պոզաներով» լուսանկարները՝ արդեն զորավարժություններին մասնակցելիս, որովհետեւ շատերը ոչ միայն դիտել էին ՊՆ-ի կողմից ցուցադրված զորավարժությունները, այլեւ ռազմահայրենասիրական ավյունով մասնակցել դրանց՝ զենք բռնել, կրակել եւ այլն: Թեեւ պարզ չէր անգամ, թե Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը հնարավոր պատերազմի դեպքում ինչ կարող են անել՝ բացի «Արի տուն» կանչելուց եւ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց, որոնց արդյունքում, սակայն, երկիրն աչքներիս առաջ դատարկվում է, իսկ մշակույթը՝ ոչնչանում: Անհասկանալի մնաց նաեւ այն, թե արդյոք հնարավո՞ր չէր այդ առաջարկները ներկայացնել առանց զինվորական համազգեստ հագնելու: Մանավանդ որ ոչ միայն տիկնանց, այլեւ բանակում չծառայած պաշտոնյաների հագին զինվորական համազգեստ տեսնելն արտառոց էր: Բայց հանուն արդարության ասենք, որ 2 տիկինները  կամուֆլյաժի մեջ ավելի լավ էին, քան քաղաքացիական հագուստով: