Եվրոպական մեծահոգություն

Եվրոպական մեծահոգություն

Որքան էլ ոմանք պնդում են, թե Եվրոպան շուտով սկսելու է պատժիչ սանկցիաներ կիրառել, կոմպրոմատներ գործի դնել իշխանությունների դեմ, փակել դեպի Եվրոպա շարքային քաղաքացիների մուտքը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը պատժելու համար, երեկ Եվրոպական խորհրդարանի որոշումը՝ վիզային ռեժիմը դյուրացնելու մասին, հակառակն է ապացուցում: Խոսքը Շենգենյան գոտու երկրներ մեկնող անձանց կարճաժամկետ մուտքի արտոնագրեր տրամադրելու հեշտացված կարգ մտցնելու մասին է, որը կգործի հաջորդ տարվա սկզբից:



Սա մի կողմից ավելի է ամրապնդում այն տեսակետը, որ Արեւմուտքը դեմոկրատիայի, հումանիզմի, խրախուսման սկզբունքներով է առաջնորդվում, եւ եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունի, եթե, իհարկե, մենք էլ ենք ուզում քաղաքակիրթ ու արժանավայել կյանքով ապրել: Մյուս կողմից, որքան էլ ցավալի է, հաստատում է կատարված ընտրության՝ Մաքսային մտնելու մանրակրկիտ հաշվարկված լինելը. չէ՞ որ սովորաբար նրանից, ով պատժամիջոցներ չի կիրառում, չեն վախենում, ուստի, ինչպես արվեց այս դեպքում, ընտրեցինք հենց նրան, ով կարող է պատժել, խանգարել, վնասել ու խոչընդոտել:



 Թերեւս Սերժ Սարգսյանը կանխատեսել էր այս ելքը. Եվրոպան կների ու կհասկանա, Եվրոպան երես չի թեքի: Ավելին՝ ամեն ինչ կանի դեպի իր կողմը գրավելու, իր առավելությունները «հակառակորդի» հանդեպ ի ցույց դնելու համար: Իսկ այ, Ռուսաստանի հետ խաղալ չի կարելի՝ դա կրակի հետ խաղալ կնշանակի, որի արդյունքում մենք կարող ենք կոնկրետ եւ փաստացի կորուստներ ունենալ, պատժվել եւ վնասներ կրել: Գոնե՝ այսօր: Իսկ թե հետո ինչ կլինի՝ կարեւոր չէ: Օրվա հոգսը բավ է օրվա համար: Գուցե վաղը ինքը՝ Ռուսաստանն այլեւս չլինի, ինչպես մի օր դադարեց սովետական անհաղթ թվացող միությունը: Եվ հարցն ինքնըստինքյան լուծվի: