Կինոն վերջացավ

Կինոն վերջացավ

ԵԽԽՎ պատվիրակության անդամները երեկ, ըստ էության, արդարացման ասուլիս էին հրավիրել: Փոստանջյանի` ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած աղմկահարույց հարցից հետո բազմաթիվ հարցեր առաջ եկան` ով է հարց տալու իր իրավունքը զիջել Փոստանջյանին, ինչու է զիջել, ինչու չեն պարզել, թե նա ինչ հարց է տալու: Երեկ պարզվեց, որ Փոստանջյանին հարց տալու իրավունք տրվել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի իմացությամբ եւ թույլտվությամբ` ժողովրդավարությունից դրդված: «Ինձ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ ձայն տվեցիք Զարուհի Փոստանջյանին: Ես ժողովրդավարությունն այդպես եմ հասկանում: Ամեն մարդ մի ձեւ է հասկանում, Զարուհի Փոստանջյանն այլ ձեւով է հասկանում, նա ժողովրդավարությունը հասկանում է այնպես, որ պետք է նման հարց տա: Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, ուղղակի արել եմ այն, ինչը թելադրել է մեր երկրի ոգին, ժողովրդավարությունը»,- ասել է Դավիթ Հարությունյանը: Նա ձեռնպահ է մնացել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հանելու վերաբերյալ հարցին անդրադառնալ` հարցը համարելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի իրավասությունների շրջանակում: Միայն ընդգծել է, որ Փոստանջյանին հեռացնելու հարց չկա, փոփոխությունը կլինի ռոտացիայի հիման վրա, ինչից հետեւում է, որ Հովիկ Աբրահամյանն իրականում շտապեց ԱԺ ամբիոնից Փոստանջյանին հեռացնելու մտադրության մասին հայտարարություն անելիս: Հետո թերեւս նրան այդ մասին ասացին, եւ դա էր պատճառը, որ այդ դիմումը, ըստ սահմանված կարգի, դեռ չի հասել «Ժառանգություն» խմբակցությանը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նոր կազմը, ըստ ամենայնի, կձեւավորվի հունվարի սկզբին, եւ, Դոնթի բանաձեւի ռոտացիոն սկզբունքի համաձայն, Փոստանջյանին պատվիրակության կազմում կփոխարինի ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: